Հավատս չէր գալիս՝ դագաղում Լուսինեն է. դերասանուհու մասին հիշում է գործընկերը
copy image url

Հավատս չէր գալիս՝ դագաղում Լուսինեն է. դերասանուհու մասին հիշում է գործընկերը

Ներքին 1 տարի առաջ - 22:45 03-04-2024
«Երկնային արքայություն»,- հարցազրույցի սկզբում ասաց դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը՝ խոսելով իր գործընկերոջ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի մասին. այսօր՝ մարտի 3-ին, կլրանա 1 տարին՝ առանց սիրված դերասանուհու:

«Նրա հիշատակը վառ է, քանի որ կորցրել ենք շատ մեծ, փայլուն դերասանուհու, որի տեղը բաց է մնացել այն իմաստով, որ իր բոլոր դերերը մեկը մեկից լավն են և մեկը մեկից հիշվող: Թատրոնի բացառիկ բարի, քնքուշ հոգով նվիրյալ էր: Եթե ընկեր էր ընտրում՝ մինչև կյանքի վերջի համար: Բացառիկ ջերմ, մարդկային կենսափորձով հագեցած խորհուրդներով և սիրո անընդհատ հորդացող երևույթ էր: Միայն կարող եմ ասել, որ շատ կարոտել եմ ու համոզված եմ՝ նա երկնքում իր ուրույն տեղը ունի և վերևից ժպտում է»,- խոսելով Լուսինե Կիրակոսյանի մասին՝ Oragir.News-ի հետ զրույցում նշեց դերասանուհին:

Մարգարիտա Խաչատրյանը, սակայն, ցավով նշեց՝ Լուսինե Կիրակոսյանը այդպես էլ արժանի չգնահատվեց.

«Ցավոք, ինչպես հարկն էր, չօգտագործվեց իր դերասանական տաղանդը թե՛ թատրոնում, թե՛ սերիալներում, թե՛ ֆիլմերում: Իսկապեա ցավում եմ: Նրա մտերիմները միշտ իրեն օգնել են, ինչով կարողացել են, նույնը ինքը՝ մեզ համար: Իսկ իր նման կենդանասերի կարելի է մատների վրա հաշվել. որբ են մնացել կենդանիները, որոնց ինքը կերակրում էր: Ցանկացած թաղամասում շները մոտենում էին, և բոլորը գիտեին, որ ինքը իր աշխատավարձի հսկայական մասը օգտագործում է կենդանիներին կերակրելու համար: Նաև բացառիկ պոետ էր: Նրա մարդկային հատկանիշները ուղղակի գերող էին, որովհետև թեպետ ինքը կյանքում շատ ապտակներ էր ստացել, իր միայնակությունը հերոսաբար էր տանում»:



Oragir.News-ի հարցին՝ երբ է իմացել առողջական վիճակի կտրուկ վատթարացման մասին, դերասանուհի Մարգարիտա Խաչատրյանը ասաց, որ պարբերաբար խոսել է Լուսինե Կիրակոսյանի հետ և համոզել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ արագ ապաքինվելու.

«Առողջական վիճակի մասին ինքն անընդհատ խոսում էր, բուժվում էր, բժիշկներին էր դիմում: Իր հետ միշտ հեռախոսազանգով եմ խոսել: Անգամ երբ վերակենդանացման բաժանմունքում էր, բազմիցս դիմել եմ, որ գնամ իր մոտ, բայց հաշվի առնելով մեր ընտանիքում վիրուսի առկայությունը՝ զերծ էի մնում: Ինքն էլ լավատեսորեն իրեն խնամող աղջկա միջոցով փոխանցում էր, որ չգնամ, մինչև չլավանամ, որ հանկարծ չվարակեմ: Մտքով չէր անցնում, որ կգնա. ինքը վստահ էր, որ դուրս էր գալու: Ամեն դեպքում, կարծում եմ՝ հայի բնավորության համաձայն՝ մի քիչ ուշացրել էր բժշկին դիմելը»:

Դերասանուհին հիշում է՝ հաճախակի զրույցների ընթացքում մեծ ոգևորությամբ էր խոսում կերտած վերջին դերից.

«Ասում էր՝ երանի՜ էլի լավ առաջարկներ լինեն, որը իրեն թե՛ հոգևոր բավականություն կպատճառեր, թե՛ նաև ֆինանսական ինքնավստահություն կհաղորդեր: Երբեք չի սիրել հոռետեսական տրամադրությունը փաթաթել մեկի վրա: Որևիցե անեկդոտ էր հիշում, պատմում էր, ես էի պատմում, որ տրամադրությունը բարձրանար: Միշտ էլ ասում էր՝ Մագա ջան, քեզ հետ որ խոսում եմ, կյանքը նորից վերադառնում է, ամեն ինչ լուսավոր է դառնում: Ելենան էլ Բորիսենկո իր ջերմ վերաբերմունքն է ցույց տվել հիվանդանոցում: Բոլոր նրանք, որ ինչ-որ հնարավորություն են ունեցել, անպայման օգնել են»:

Խոսելով Լուսինե Կիրակոսյանի հետ վերջին հրաժեշտից՝ դերասանուհին դժվարությամբ ասաց՝ չէր հավատում տեսածին.

«Չէի հավատում, երբ իմացա լուրը: Գնացի հոգեհանգստին, բայց չկարողացա նայել, թե ինչպես է պառկած. չհավատացի, որ ինքն է դագաղում: Հավատս չէր գալիս, որ դա Լուսինեն է»:



Հիշեցնենք, որ Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականին Լենինականում: Դպրոցում ուսանելու տարիներին զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ 1969-ից՝ Հրաչյա Ղափլանյանի հրավերով՝ Երևանի դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչ 2022 թվականը: 2007 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2010 թվականին՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ կնոջ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար:

Թատրոնում կերտել է տարբեր դերեր, սակայն հեռուստադիտողների շրջանում առավել հայտնի է դարձել «Վերվարածներն ընտանիքում» առաջին հայկական հեռուստասերիալից՝ մարմնավորելով Ռոզի կերպարը:

Մահացել է 2023 թվականի ապրիլի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում, ուր տեղափոխվել էր մարտի 17-ին ծայրահեղ ծանր վիճակում: