Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնել հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է․ Լևոն Քոչարյանը՝ Ժնևում
copy image url

Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնել հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է․ Լևոն Քոչարյանը՝ Ժնևում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:10 25-03-2024
Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը: Այս մասին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ելույթում նշել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:

Ստորեւ ներկայացնում ենք նրա ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի՛ գործընկերներ, վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և գրավել այն: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120․000 հայեր՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Իմ ծննդավայրում տեղի ունեցող իրադարձություններին մեծ անհանգստությամբ ու ցավով էի հետևում Հայաստանից և վերապրեցի 1990-ականների սկզբին ադրբեջանական օդային ռմբակոծություններից օրերով ու շաբաթներով ապաստանում անցկացրած իմ մանկության հիշողությունները:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հնագույն և խորը կապ ունի իր հայրենիքի հետ, որի պատմական վկայությունները սկիզբ են առնում դարերի խորքից: Սերունդներն ապրել, աշխատել և կառուցել են իրենց կյանքը այս տարածաշրջանում՝ ստեղծելով հարուստ մշակութային ժառանգություն, որը նրանց կապում է այս հողին:

Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»: Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»:

Տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են «խաղաղություն» հասկացությունը:

Միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայրենիք վերադարձին նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Իսկապես, վերադարձի իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը ոչ միայն արդարության և մարդու իրավունքների խնդիր է, այլև կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության, կայունության և հաշտեցման առաջխաղացման համար:

Միջազգային հանրությունը պարտավոր է համաձայնեցված ջանքեր գործադրել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման և հակամարտությունից տուժած բոլոր անձանց արժանապատվության և իրավունքների ապահովման ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Ձեզ գուցե հետաքրքրի