Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր քննարկում է տեղի ունեցել ծխախոտի արտադրանքի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ:
2023 թվականին հանձնաժողովը ուսումնասիրության է իրականացրել ծխախոտի արտադրանքի ոլորտում, որի համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին տեղի ունեցած կառուցվածքային և օրենսդրական փոփոխությունները։ Դիտարկվել են «Սիգարետ», «Տաքացվող և էլեկտրոնային ծխախոտ» ապրանքային շուկաները:
Միջոցառման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները ներկայացրեցին ուսումնասիրության արդյունքները, արձանագրված խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման առաջարկները:
Քննարկման շրջանակում ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնեցին մի շարք հարցեր, որոնց մի մասին հանձնաժողովն արդեն իսկ անդրադարձ էր կատարել ուսումնասիրության շրջանակում: Մի շարք հարցեր առնչվում էին անբարեխղիճ մրցակցությանը, մասնավորապես էլեկտրոնային հարթակներով ծխախոտի հովանոցային գովազդի, զեղչերի իրականացման դեպքերին, ապրանքային նշանների շփոթության դեպքերի գնահատմանը և այլն: Այս առնչությամբ տեղում կազմակերպվեց հանդիպում հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուների հետ:
Արձանագրվեցին նաև մասնակիցների կողմից բարձրացված այն խնդիրները, որոնց կարգավորումը հանձնաժողովի լիազորությունների շրջանակից դուրս է, իրավասու լիազոր մարմիններին ներկայացնելու նպատակով: