Երեկ՝ մարտի 15-ին, ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, խոսելով Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն-ՀԱՊԿ հարաբերությունների մասին, հարցով դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ակնկալելով պարզել՝ մինչև երբ են ՀՀ իշխանությունները շարունակելու «նեղացած հարսի» քաղաքականությունը․
«ՀԱՊԿ-ի հետ սառեցման գործընթացը քաղաքական դիրքորոշում է հիշեցնում, ինչքա՞ն եք «նեղացած հարսի» քաղաքականությունը շարունակելու: Արդյոք եղե՞լ է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով քննարկում»։
Խամոյանի հարցում հնչած «նեղացած հարս» արտահայտությունը Միրզոյանն այսպես մեկնաբանեց․
«Ցավ եմ ապրում, որ Ձեր քաղաքական ուժը վերաբերվում է ՀՀ-ին՝ որպես «նեղացած հարսի»՝ բացի զուտ սեռային հարգանքի կոնտեքստից, բայց մի քիչ հարգանք ունենանք մեր ինքնիշխանության մասին: Ոչ բան ենք ուզել, ոչ նեղացել ենք։ Մենք շատ ռացիոնալ աշխարհում ենք ապրում․ ո՛չ նեղանում ենք, ո՛չ չենք նեղանում»։
Oragir.News-ը, գնալով «նեղացած հարս» արտահայտության հոգեբանական մեկնաբանության հետևից, զրուցեց Կարինե Նալչաջյանի հետ՝ պարզելու՝ ունի՞ արդյոք արտահայտությունը հոգեբանական համախտանիշի տարբերակ, ինչին ի պատասխան հոգեբանն ասաց․
«Միանգամից ասեմ՝ ընտանեկան, ներընտանեկան հոգեբանության մեջ նման համախտանիշ չկա։ Ագնեսա Խամոյանը, կարծում եմ, ավելի պատկերավոր, մետամֆորիկ արտահայտություն է կատարել, որը հասկանալի է, ընկալելի է»։
Ցանկանալով պարզել՝ ինչի մասին է Խամոյանը, ամեն դեպքում, ակնարկում՝ Միրզոյանին հարց ուղղելիս, հոգեբանը այսպես մեկնաբանեց․
«Տիկին Խամոյանը խտացված ձևով հարց է առաջ քաշել մեր այսօրվա արտաքին քաղաքականության խայտառակ, վնասաբեր ոճի ձևի մասին։ Ես կասեի՝ հարցը հռետորական է, և անձամբ չեմ սպասում հետաքրքիր, կոնստրուկտիվ պատասխանի Միրզոյանի կողմից, քանի որ արդեն շատ լավ տեսնում ենք՝ ընդհանուր ինչ քաղաքականություն է տարվում Հայաստանի նկատմամբ, ինչպես են շահերը ոտնատակ տալիս թշնամու ոտքերի տակ։
Ես պարզապես շատ կուզենայի, որ մեր ընդդիմադիր պատգամավորները, որոնք, ամեն դեպքում ունեն այդ ինստիտուցիոնալ հնարավորությունները, կարողանան մի քիչ նոր ոճի փուլ մտնել․ սուր հարցերի փուլը անցել է»։
Կարինե Նալչաջյանն ասաց, որ ինչ-որ սկզբնական պահի սուր ելույթներն ու հարցերը տեղին էին, այժմ նոր ոճի փուլ մտնելու ժամանակն է․
«Միակ գործնական օղակը, որ կարող է ինչ-որ նախաձեռնություններ հանդես բերել, խորհրդարանական ընդդիմությունն է, և բավական է ամեն ինչ ժողովրդի վրա բարդել։ Փորձեք մի բան սկսել, տեսնենք՝ Բաղրամյան պողոտան չի՞ լցվի, ժողովուրդը թիկունք չի՞ կանցնի։
Այո, հարցը սուր, խտացված է հնչում, բայց ներողություն, Միրզոյանը ի՞նչ պիտի պատասխանի այդ հարցին, որ մենք ասենք՝ այս հարցերի պատասխանները իմացանք։ Նման հարցեր պարզապես պետք չէ հնչեցնել։ Նույնիսկ նման տպավորիչ արտահայտություններն էլ որևէ գործառույթ այսօր չեն կատարում»,- եզրափակելով խոսքը՝ նշեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։