Կինը մտել է դպրոց, ծաղկեփնջով հարվածել ուսուցչին, հետո ոստիկանություն կանչել
copy image url

Կինը մտել է դպրոց, ծաղկեփնջով հարվածել ուսուցչին, հետո ոստիկանություն կանչել

Ներքին 1 տարի առաջ - 15:47 09-03-2024
Կոտայքի մարզի Զովունի գյուղի դպրոցում անցյալ տարի տեղի ունեցած ակնհայտ խուլիգանության դեպքը մոտ 1 տարի քննվելուց հետո վերջապես հասել է դատարան։

Դեռևս 2023 թվականի ապրիլի 7-ին՝ ժամը 10:45-ից մինչև 10:53-ը ընկած ժամանակահատվածում, անտեսելով Կոտայքի մարզի Զովունի գյուղի Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի դռնապահի «դասաժամի ընթացքում դրսում սպասելու և դպրոց մուտք չգործելու» պահանջը, մի կին մուտք է գործել դպրոց և բարձրաձայն, աշակերտների ներկայությամբ՝ անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել, հայհոյել և ծաղկեփնջով հարվածել է դպրոցի պահակին, այնուհետև նաև ուսուցիչներից մեկին։

Oragir.News-ը կապ հաստատեց դպրոցի տնօրենի հետ, ում հետ զրույցից պարզ դարձավ, որ ոստիկանությունը մեկ տարի զբաղվել է այս գործով, քննել միջադեպի բոլոր հանգամանքները, և գործն ուղարկվել է դատարան։

«Նման դեպք եղել է, պահակի հետ շատ վատ է խոսել, կողքի կանգնած տղամարդ ուսուցիչն էլ ընդամենը փորձել է դուրս հրավիրել, կինը հարձակվել է այդ ուսուցչի վրա, ծաղկեփնջով հարվածել է գլխին։ Ոստիկաններին էլ ինքն է հրավիրել, դպրոցը ոչ մի քայլ չի ձեռնարկել։ Միայն այդ պահին աղմուկ է եղել, բայց մենք անմիջապես այդ հարցը լուծել ենք»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։

Նշենք, որ այդ կնոջը մեղադրանք է առաջադրվել Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի բնականոն աշխատանքներին խոչընդոտելու, անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 2024-ի փետրվարին գործն ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։