Շիրակի մարզում Արցախից բռնի տեղահանված մոտ 4000 անձ էր հաստատվել, բայց նրանց մի մասը լքել է մարզը, իսկ մյուսներն էլ Հայաստանը։ Սոցիալական խնդիրները շատ են, բացի այդ մարզում դժվարությամբ են արցախցիները հարմարվում։
«Տեղահանվելուց հետո Գորիսում ենք մի որոշ ժամանակ մնացել, հետո Այրում քաղաք եկանք, վերջին կանգառը Շիրակի մարզն էր, բայց ամռանը ըստեղից էլ կգնանք։ Մենք մեր հայրենիքում տեղ չունենք, մի անգամ չէ, որ կառավարությունը ապացուցել ա, որ թքած ունի արցախցիների վրա։ Երկու կոպեկ փող են տալիս` էս դռնից, էն դուռն են ուղարկում։ Ես անշնորհակալ չեմ, բայց դա ողորմության պես պիտի չներկայացվի, ես լավ օրից չեմ մի ձեռք շորով լիքը տունս թողել եկել»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ավետարանոց գյուղից բռնի տեղահանված Արեգա Հայրապետյանը։
47-ամյա արցախցի կնոջ ընտանիքը ևս Հայաստանը կլքի, եթե չկարողանան աշխատանք գտնել։
Արցախի հայաթափումից հետո, երբ արցախցիները Հայաստանի բնակավայրերում շարունակեցին ապրել, նրանցից շատերի համար աշխատանք ճարելը, թերևս գլխավորն է բոլոր խնդիրներից: Հաճախ արցախցիների աշխատանքի փնտրտուքները ոմանց տեղափոխում են Երևանին ավելի մոտ գտնվող բնակավայրեր, որտեղ վաստակելը համեմատաբար հեշտ է:
Ստեփանակերտցի Սամվել Ասրյանն էլ ավտոլվացման կետում է աշխատում, ասում է՝ արտերկրում աշխատանք են խոստացել։Ասում է կգնա, եթե այնտեղ լավ լինի հավանաբար ընտանիքն էլ կտեղափոխվի Ռուսաստան։
«Ես իմ հայրենիքում եմ, բայց բոմժի կարգավիճակով եմ ապրում, էստեղից էնտեղ, էնտեղից էնտեղ։Ղարաբաղում աշխատել ենք, լավ էլ ապրել ենք։Գործ չկա, ստացածս աշխատավարձը մենակ տրանսպորտի վրա է գնում։Ինձնից էլ լավ գիտեք, որ աջակցությունը էսօր տալիս են վաղը դա էլ կկտրեն, ինչ պտի անենք, եթե մեր գլխի ճարը չտեսնենք։Ըստեղ մեր մնալը ինչ իմաստ ունի,եթե ղարաբաղցի հայաստանցի են ջոկում։ Փաշինյանը լավ իրա ուզածին հասնում ա, անում է ընենց, որ ըստեղից էլ թողնենք գնանք։Այսինքն`Հայաստանում էլ տեղ չունենք...Արցախից ենք եկել, հո Ադրբեջանից չենք եկել»,-ասում է արցախցի տղամարդը։
Ալինա Բալասանյանն էլ,ով նույնպես Ստեփանակերտից է տեղահանվել, ասում է՝ արցախցի բարեկամներից շատերը գնացել են Հայաստանից, իրենք էլ ճիշտ է դեռ վերջնական որոշում չունեն, բայց իրենք էլ ունեն գնալու մտադրություններ։
«Եղբորս ընտանիքը մի ամիս առաջ գնաց Հայաստանից, էնտեղ աշխատանք են գտել, աշխատում ապրում են, իսկ մենք դեռ փնտրում ենք աշխատանք։ Կառավարությունը աջակցությունները չի տալիս, էդ հարցից էլ են ձեռքերը լվացել։Ոչ էլ ընդունում են, որ իրենց մեղքով են մարդիկ անտուն մնացել»,-ասում է Ալինա Բալասանյանը։
Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում և լուսաբանում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները խնդիրները։ Օրերս անդրադարձել էինք նաեւ, որ արցախցիներից շատերը արդեն արտագաղթել են Հայաստանից։