Հին տնօրենը չարիք է, բոլորին բուլինգ է արել. դասադուլը շարունակվելու է. ծնող
copy image url

Հին տնօրենը չարիք է, բոլորին բուլինգ է արել. դասադուլը շարունակվելու է. ծնող

Ներքին 1 տարի առաջ - 15:50 29-02-2024
Վանաձորի Դանիել Վարուժանի անվան թիվ 16 դպրոցում դասադուլը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դասադուլի պատճառը աշակերտների և ուսուցիչների մտավախությունն է, որ հին տնօրեն Նաիրա Հարությունյանը կրկին կարող է իրենց դպրոցի տնօրեն ընտրվել։ Նրա մասին աշակերտները, ծնողները և ուսուցիչների մեծ մասը վատ կարծիք ունեն։

Oragir.News-ը զրուցեց դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներից մեկի ծնողի հետ, ով տեղեկացրեց, որ չնայած՝ բոլոր բողոքներին, ԿԳՄՍ նախարարությունը հավանություն է տվել դպրոցի նախկին տնօրեն Նաիրա Հարությունյանի ծրագրին։

«Մենք այս պահին ուսուցիչների և մի խումբ ծնողների հետ մարզպետարանում ենք, փոխմարզպետի հետ հանդիպման ենք։ Ոնց հասկանում եմ՝ մեր հարցին լուծում չի տրվում։ Այսինքն՝ նախկին տնօրենի ծրագրին է հավանություն տվել նախարարությունը։ Մյուս երկու մասնակիցների ծրագրերի պատասխանը այդպես էլ չի եկել։ Եվ նրանք չգիտեն՝ անցե՞լ են, թե՞ ոչ։ Բայց արդեն աղմուկն էնպիսին է, որ նախկին տնօրենն անցել է, և իր հետ են պայմանագիր կնքելու, ինչին բոլորս դեմ ենք»,- ասաց ծնողը։

Նրա խոսքով՝ և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները դասադուլ և գործադուլ են անում, փորձելով իրենց ձայնը տեղ հասցնել։

«Մենք պատրաստվում ենք վաղը նաև նախարարություն գնալ, գրավոր ձևով մեր բողոքը արդեն ներկայացրել ենք։ Դասադուլը և գործադուլը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մեր հարցին լուծում կտրվի»։

Հարցին՝ արդյո՞ք ունեն որևէ ակնկալիք նախարարությունից, ծնողը պատասխանեց․

«Մարզպետի հետ երեկ ուսուցիչները խոսել են։ Իրենց խոսքով՝ այդքան էլ լավ չեն տրամադրված։ Մտածում ենք՝ նախկինը կանցնի, բայց հիմա փոխմարզպետն ուրիշ ձև է խոսում։ Ես՝ ինքս ակնկալիք չունեմ, մտածում եմ փափուկ բարձ են դնելու, բոլորիս ուղարկեն, կանգնեցնեն փաստի առաջ, կնքեն պայմանագիրը, և նա գա ու շարունակի իր նույն գործելաոճով աշխատել, որն ահավոր է։ Իմ բնորոշմամբ՝ նա չարիք է այդ դպրոցի համար»։

Oragir.News-ի հետ զրույցում ծնողը նաև հավելեց, որ ժամանակավոր պաշտոնակատարը մոտ 7 ամիս աշխատել։ Այդ ընթացքում բավականին լավ հարաբերություններ է ստեղծվել և՛ անձնակազմի, և՛ աշակերտների հետ։

«Կարելի է ասել, որ երեխաները շնչում են, միջոցառումներ են անում, ներս ու դուրս են անում։ Նախորդ տնօրենի ժամանակ մի ամբողջ տարի դասամիջոցներին երեխաները դասարանից դուրս չէին գալիս, դասղեկներին կանգնեցնում, ասում էր՝ «Թույլ չտա՛ք՝ դուրս գան միջանցք»։ Նոր տնօրենն իր կառավարման մեջ բոլորի կարծիքները հաշվի է առնում, հարգալից է բոլորի նկատմամբ։ Նախկինը լավ մասնագետ է, բայց վատ մարդ։ Նա պառակտել է կոլեկտիվը, երեխաների հետ միշտ վատ տոնով է շփվել՝ խուլիգանական ոճով ու բանալին ձեռքերի մեջ պտտելով, չնայած, որ նա երիտասարդ աղջիկ է։ Կոպիտ ասած՝ բոլորին բուլինգի էր ենթարկել»․-եզրափակեց ծնողը։

Լուսանկարում՝ նախկին տնօրեն Նաիրա Հարությունյանը

Ձեզ գուցե հետաքրքրի