Արդեն մի քանի ամիս է՝ Գյումրիի կենտրոնական փողոցներում կարելի է տեսնել աղանդավորական խմբերի, որոնց կողքին դրված է ցուցանակ՝ այսպես կոչված «սուրբ գրքերով» լցված, ու կարեւորը՝ անվճար են տալիս այդ գրքերն ու տեղեկատվական թերթիկները։ Աղանդավորների խմբերը սնկի նման աճում են, գյումրեցիները կատակում են՝ ասելով, որ մեկ ՔՊ-ի գրասենյակները սնկի պես կաճին, մեկ էլ աղանդավորները։
«Եհովայի վկաներ» աղանդի ներկայացուցիչները շաբաթներ առաջ էին տեղակայվել Գյումրիի բանուկ հատվածներից մեկում՝ Սայաթ-Նովա փողոցում՝ դրամատիկական թատրոնի հարևանությամբ։ Այս խմբերը օրվա տարբեր ժամերին լինում են Աբովյան փողոցում։
Աղանդավորները Գյումրիում ազատ տեղաշարժվում են և մարդկանց գցում ծուղակը։ Թերևս ուշագրավն այն է, որ նրանց տեղաշարժը տեղի է ունենում Շիրակի մարզպետարանի, քաղաքապետարանի աչքի առջև։
Oragir.News-ի տեղեկություններով՝ աղանդավորական այդ խմբերի փողոցում կանգնելը այնքան էլ բարի կամքի դրսեւորում չէ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ փողոցում 3-4 ժամ կանգնելու համար ամսական 70-80.000 դրամ գումար են ստանում։ Հերթափոխով են իրականացնում, իրենց ձեւակերպմամբ, Աստծո խոսքի տարածումը։
Oragir.News-ի լրագրողը փորձեց զրուցել փողոցում կանգնած աղանդավորների հետ։ Ասում են՝ Եհովայի խոսքն ենք տարածում, որովհետև վերջին օրերը, վերջին ժամերն ենք ապրում։ Աստված հենց իրենց միջոցով է ուզում տեսնել ավելի շատ դարձի եկածների։