Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС-ին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ «2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի բախումների արդյունքում Ղարաբաղը անցել է Բաքվի լիակատար վերահսկողության տակ։ Այդ իրադարձությունները տեղի չեն ունեցել «դատարկ տեղում»․ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում հայկական կողմը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, որպես նրա մաս։ Պետք է նշել, որ այն ժամանակ չլուծվեց տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը։ Այժմ Ղարաբաղը ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին»։
Ռուս պաշտոնյան նաև խոսել է արցախահայության վերադարձի համար «պայմաններ ստեղծելու» մասին։ «Մենք պատրաստ ենք ամեն հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։
Հիշենք 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարությամբ նշվող «փախստականների վերադարձը», որը պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո։ Պատերազմից հետո՝ շատ սեղմ ժամկետներում, հայության՝ Արցախ վերադարձի գործընթացը որևէ միջազգային կառույցի կողմից չի վերահսկվել։ Մարդիկ, ուղղակի լսելով իշխանությունների կոչ-հորդորները, հետ եկան իրենց կորսված հայրենիքից մնացած մասը՝ փորձելով վերականգնել կեցության թեկուզ նվազագույն պայմաններ։ Ընդ որում, արցախցիների համար վերադառնալու որոշում կայացնելու գործում առանցքայինը հենց ռուսական զինվորական ներկայությունն էր։
Արդյունքում, Արցախի 150 հազար բնակչից 120 հազարը վերահաստատվեց Արցախում՝ իր հույսը դնելով ռուս խաղաղապահի վրա, սակայն հետագա ժամանակաընթացքն ի՞նչ ցույց տվեց։ Ինչպե՞ս վարվեց ռուսական զինվորական կոնտինգենտը, երբ թշնամին զավթեց անկլավ դարձած Հին Թաղերն ու Խծաբերդը, երբ նույն թշնամին դեռ 2021 թվականի աշնանը ԱԹՍ-ով մոխիր դարձրեց սահմանամերձ դարձած Նորշեն գյուղը պաշտպանող հենակետերը, երբ արդեն 2022 թվի հենց սկզբից գրոհեց Փառուխ-Խրամորթի հատվածը, հետո՝ ամռանը, Դրմբոն-Գետավանը, իսկ տարեվերջից կտրեց Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ու պաշարեց Արցախը՝ փորձելով սովահարությամբ հայաթափել այն։ Բայց արցախցիներն ավելի քան ինն ամիս դիմակայեցին, անցան անմարդկային զրկանքներով, և միայն «սեպտեմբերի 19-20-ի բախումներից» (ինչպես ձևակերպում է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը) հետո, արդեն լիակատար կոտորածից խուսափելու համար, դուրս եկան իրենց հողից։
Հիմա, թե ինչպես է ռուսական զորքը կարողանալու ապահովել արցախցիների համար կեցության պայմաններ՝ անհասկանալի է։ Մենք ամեն օր տեսնում ենք ադրբեջանական ոստիկանության, այլ ուժային կառույցների հաղորդագրությունները, որոնք ուղեկցվում են նաև տեսանյութերով։ Այդ տեղեկատվությունը հիմնականում վերաբերում է այս կամ այն բնակավայրում կատարված շուրջկալին, հայտնաբերած զենք-զինամթերքին, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության այլանդակմանը, մեր սերնդե-սերունդ ստեղծած ապրուստի քանդմանը․․․ Եվ դա՝ նույն ռուսների աչքի առաջ, առանց որևէ առարկության։
Այսուհետ, ինչու՞ և ինչպե՞ս պետք է հավատանք տրվող խոստումներին։
Տիգրան Աթանեսյան