«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է, պետականություն չունենալու դրվագներով»,- այս մասին երեկ՝ փետրվարի 7-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ
հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված «Հայոց պատմությունը» «Հայաստանի» պատմությամբ փոխարինելու նախագծին։
Գրականագետ Սերժ Սրապիոնյանն
Oragir.News-ի հետ զրույցում Փաշինյանի նմանօրինակ ձևակերպումները դիլետանտություն որակեց, քանի որ նա հակադրում է արժեքներ, որոնք առհասարակ համեմատելի չեն իրար հետ փոխպայմանավորված լինելու իմաստով։
«Ինքը նախ չի հասկանում, որովհետև, եթե մարդը գրագետ չէ, տերմինաբանությունից բան չի հասկանում, կարող է ցանկացած մեկնաբանություն տալ։ Ես այդ մարդու որևէ արտահայտության շատ լուրջ չեմ վերաբերվում, ավելի լուրջ վերաբերվում են դրանց հետին ենթաշերտերին, քանի որ սա թելադրված բան է։ Հայաստանի պատմությունը Հայաստանի պետականությա՞ն պատմությունն է։
Գանք Արևմտյան Հայաստանին, այն Հայաստան չէ՞, որի պատմությունը պետականության հետ արդեն վաղուց կապ չունի։ Արևմտյան Հայաստանը պատմական Հայաստանն է իր պատմական 4 հայքերով և հայոց նշանակում է նաև այդ հայքերի պատմությունը, որոնք պետականություն չեն ունեցել։
Հիմա նա ուզում է փոխել Հայաստանի պատմություն, որովհետև քրտնամխած ուզում են կործանել հայոց պետականությունը և արդեն հասել են պետականության կործանման որոշակի աստիճանի, վկան հարևանների հետ հարաբերություններն են։ Վաղը մյուս օրը կասեն՝ վերջացավ Հայաստանի պատմությունը։ Իսկ հայոց պատմությունը 2 իմաստն էլ իր մեջ ունի՝ հայ ժողովրդի պատմություն և հայերի բնակության վայրի պատմությունն է։ Սա անընդհատ նա մանիպուլացնում է և փորձում շեղել։ Մասնագետներն էլ են տվել այդ կարծիք, բայց, եթե մարդը թերուս է և գիտական շրջանակների կարծիքի հետ հաշվիչի նստում, մարդը, որ իր երկրի պատմության, իր ժողովրդի պատմությանը չի էլ տիրապետում, պարզ չէ՞, որ նման դիլետանտական արտահայտություններ պետք է թույլ տա․․․»։
Սերժ Սրապիոնյանը այս փոփոխությունը կապում է նաև հարևան պետություններում տեղի ունեցող գործընթացներով, դրանցից մեկն էլ նախօրեին Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններն են։
«ԻՆչո՞ւ հենց հիմա, երբ Ադրբեջանում ընտրություններ են։ Նայեք, թե տարբեր հեռուստաալիքներ ինչպիսի գովք են անում այդպիսի «դեմոկրատական» ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ստեփանակերտը Խանքենդի անվանելով այնտեղ ընտրություններ անցկացրեց, ավտոբուսներով մարդկանց տարավ, երբ այնտեղ ոչ ոք չի բնակվում։ Դրա նպատակը ցույց տալն էր, որ այստեղ ադրբեջանական տեղամասեր կան, ընտրություններ են տեղի ունենում և այլն։ Եվ այս մարդն այդ նույն ջրաղացին ջուր է լցնում, որովհետև ուղղակիորեն հայտարարում է, որ հայոց պատմություն գոյություն չունի, կա տարածաշրջանի պատմություն,այդ տարածաշրջանը երբեմն կոչվել է Հայաստան, պետականություն չունեցած ժամանակ այն արդեն Հայաստան չէ, իսկ պատմությունը բազմաթիվ փաստեր է արձանագրել, երբ պետականություն չունեցող ժողովուրդները պետականություն են ձեռք բերել, երբ պետականություն կորցրած ժողովուրդը վերականգնել է իր պետականությունը։
Այս մարդը եզրաբանության հետ խաղալով մեր մեջ արմատավորում է այն միտքը, որ պետք է հաշտվես պետականության կորստի հետ, եթե չհաշտվենք պետականության կորստի գաղափարի հետ, ապա պետք է ստիպված հաշտվենք հայ ժողովրդի վերացման գաղափարի հետ»,- ասաց Սրապիոնյանը։
Նրա խոսքով՝ թեև իրավական ակտերի քննարկման միասնական հարթակում նշված նախագծի քննարկումն ավարտվել է և մեծամասնությունը դեմ է արտահայտվել, սակայն, իշխանությունն ամեն բան անելու է, որպեսզի այդ փոփոխությունն իրականացնեն։
«Դուք ի՞նչ եք կարծում, Ալիևը երբևէ իր ծավալապաշտական նկրտումներից կհրաժարվի՞, չի՛ հրաժարվի։ Այս մարդիկ պարտականություն ունեն և այն մինչև վերջ պետք է կատարեն»,- եզրափակեց Սերժ Սրապիոնյանը։