Քանի առողջապահությունը վստահված է մի իրավաբանի, բարեփոխումներն անօգուտ են
copy image url

Քանի առողջապահությունը վստահված է մի իրավաբանի, բարեփոխումներն անօգուտ են

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:40 06-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում պարբերաբար խոսում են Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման կարևորության մասին՝ պնդելով, որ այն կբարձրացնի բնակչությանը տրամադրվող առողջապահական ծառայությունների որակը, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա մարդկանց առողջության վրա։ Միևնույն ժամանակ սա չափազանց խնդրահարույց նախագիծ է, որն արժանացել է ոլորտի բազմաթիվ մասնագետների քննադատությանը։

Օրերս էլ Ջերմուկում Հայկական ուռուցքաբանական 4-րդ կոնգրեսի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ կառավարության և նախարարության առաջիկա տարիների ամենամեծ ռեֆորմը պետք է լինի առողջապահական համապարփակ ապահովագրությունը։ Ավանեսյանի համոզմամբ՝ այս ռեֆորմը պետք է փորձի ամբողջական լուծումներ տալ քաղցկեղի դեմ պայքարին։

Oragir.News-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշեց, որ եթե պետությունը գնում է առողջապահության համընդհանուր ապահովագրման և որոշակի երաշխիքներ է տրամադրում, ապա դա ընդհանրական լուծում է, և դա, իր համոզմամբ, ռիսկեր չի պարունակում։

Պատգամավորը միևնույն ժամանակ ընդգծեց՝ եթե մարդկանց պետք է ստիպեն առողջապահության պարտադիր ապահովագրություն իրականացնել, ու բնակչության բոլոր խավերը ստիպված լինեն նույն փաթեթից օգտվել, ինչպես նաև նույն չափով վճարումներ կատարել, ապա դա ակնհայտորեն կարող ենք դիտարկել որպես օրենքի, ինչպես նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ խախտում։

Հարցին, թե անձամբ ի՞նչ մոտեցում ունի այս նախագծի վերաբերյալ՝ Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ միշտ կողմ է եղել առողջապահական համընդհանուր ապահովագրմանը։ «Ես ասում եմ, որ մենք պետք է գնանք աշխարհի հետ համընթաց, ամբողջ աշխարհում առողջությունն ապահովագրված է, Հայաստանում նույնպես պետք է լինի ապահովագրված։ Բայց Հայաստանում ամեն ինչ արվում է շերտավոր, ինչպես նաև քաղաքացիների տարբեր տեսակների բաժանելու գնով»,- կարծում է նա։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե հնարավոր համարո՞ւմ է, որ այս համակարգի ներդրումից հետո առողջապահական ծառայությունների որակն ընկնի, ինչին ի պատասխան նա նշեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանն առողջապահության ոլորտը իրավաբան Անահիտ Ավանեսյանին է վստահել, չի հավատում, որ որևէ բարեփոխում կարող է լավ արդյունքներ տալ. «Բայց այդ ռեֆորմը, որպես այդպիսին, ես միշտ ողջունել եմ ու երազել եմ, որ Հայաստանը լինի եվրոպական երկրների նման, որտեղ մարդը հիվանդանոց գնալուց չվախենա, որ գումար չունի»։

Թագուհի Թովմասյանը միևնույն ժամանակ կարևորեց, որ նախագիծը Հայաստանում գործի այնպես, ինչպես աշխարհի քաղաքակիրթ երկրներում։ Նա նկատեց, որ եվրոպական երկրներում քաղաքացին հիվանդանոց գնալիս և, անհրաժեշտության դեպքում, վիրահատության ենթարկվելիս գումար ունենալու մասին չի մտածում, որովհետև առողջապահության ապահովագրությունը համընդհանուր է, բոլորի համար հավասար և հասանելի։

Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ տվյալ նախագծով Հայաստանում գործ ենք ունենալու հարուստների և աղքատների առողջապահություն հասկացությունների հետ։

Դավիթ Գույումջյան