Եթե որոշել եք ձմռանն այցելել Արմավիրի պոլիկլինիկա՝ բուժման նպատակով, ապա խորհուրդ է տրվում լավ տաք վերնահագուստով գնալ, որովհետև ցրտին դիմակայելն անհնար է։
Ահա այսպես մեկ նախադասությամբ
Oragir.News-ին ներկայացրեց բուժհաստատության կարգավիճակը ձմռանը քաղաքացին, ով չցանկացավ ներկայանալ։

«Ուզում եմ հասկանալ, մինչև ե՞րբ է շարունակվելու պոլիկլինիկայի այդ ծայրահեղ վատ վերաբերմունքն իրենց հիվանդների հանդեպ, խոսքը ոչ թե մասնագետների մասին է, այլ շենքում այս եղանակին ոչ մարդկային ջերմաստիճան ապահովելու, ավելի ճիշտ չապահովելու»,- ասաց Արմավիրի բնակիչը։
Oragir.News-ին դիմած քաղաքացու խոսքով, պոլիկլինիկայի միջանցքներում այցելուները, ցրտից ոտքերը գետնին սեղմելով, քթի տակ բողոքում էին սաստիկ ցրտից և լուռ սպասում իրենց հերթին։

Ստուգելու համար՝ արդյո՞ք ջեռուցումը միացված է, թե՞ ոչ, ինքը մոտեցել է ջեռուցման համար նախատեսված մարտկոցներին, որոնք ի դեպ սովետական արտադրության էին, այն էլ ավելի է սառել՝ դիպչելով մարտկոցներին, որովհետև դրանք արդեն ծառայում էին միայն որպես կախիչ՝ հատակի շորերի համար։
Արմավիրի բնակիչն ասում է, որ սա մեկ տարվա խնդիր չէ, միշտ էլ նույն վիճակն է եղել։
Ցուրտ է անգամ բժիշկների կաբինետներում, որոնց ջեռուցումը սովորական պարույրով պլիտաներով է իրականացվում։
Հարցին թե ինչո՞ւ չի ջեռուցվում պոլիկլինիկան, քաղաքացին ստացել է՝ «Դե մենք ինչ անենք, ազիզ ջան»,- պատասխանը։
Վատառողջ գնում ես պոլիկլինիկա, բայց ավելի հիվանդ՝ վերադառնում տուն։

Խմբագրություն դիմած քաղաքացին հույս ունի, որ այս միջոցով գոնե մի լուծում կգտնվի, և գոնե նվազագույն ջեռուցման պայմաններ կապահովեն բուժհաստատությունում, որովհետև մարդիկ սառչում են, բայց չեն բարձրաձայնում նման խնդիրները, այլ լուռ համակերպվում։