Այսօր պետական գործիչ,Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ծննդյան օրն է։
Աղասի Խանջյանը, ում Եղիշե Չարենցը նաիրական դոֆին՝ արքայազն էր անվանում, տարբերվում էր ՀԽՍՀ բոլոր առաջնորդներից։ Նրան սիրում էին բոլորը, արժևորում։ Իսկ այդ մեծ ժողովրդականության համար Խանջյանը հատուցեց կյանքով՝ դառնալով ստալինյան բռնատիրության զոհը։
Աղասի Խանջյանի նման անհատականությունները տարբերվում են դեռ մանկուց։
Խանջյանի մանկության մասին շատ ջերմ, բայց մանկական անկեղծ նախանձով հուշ է թողել հայրենակիցը՝ Գուրգեն Մահարին։

«Սովորում էր նա Վանի Կենտրոնական վարժարանում, բայց նրա մասին խոսում էին բոլոր դպրոցներում:
-Սովորեք Աղասի Խանջյանի նման,- հաճախ լսում էինք մենք՝ Երամյան դպրոցի աշակերտներս մեր ուսուցիչներից:
-Աղասի Խանջյանի մայրն էլ կասի՝ տղաս դպրոց կերթա, քո մայրն էլ,-դատում, էին մայրերը՝ դատապարտելով իրենց զավակներին:
Բայց եթե Վանի զանազան դպրոցի աշակերտները դպրոցներում միայն լսում էին նրա մասին, ապա ինձ վիճակված էր լսել նրա անունը և տանը: Ամեն անգամ, երբ մայրս լինում էր նրանց մոտ, մի ամբողջ շաբաթ խոսում էր Աղասու մասին.
-Մարդ էդպես տղա ունենա, խելոք, սուս-փուս, ժամերով՝ գրքի, տետրակների հետ: Քանի անգամ Թագուհին ասաց. «Աղասի, գնա մի քիչ խաղա, թարմացի», «Ժամանակ չկա, մայրիկ»: Բոլոր դասերից հինգ ու խաչ, հինգ ո խաչ: «Սրբուհի, ջուր վերջացե, չե՞ս մտածե»: Գիրքը մի կողմ դրեց, վեր կացավ. «Ես կբերեմ, մայրիկ», իբրեղն առավ, վազեց քահրեզ: Տղեն էդպես պիտի լինի, որ աստծուն էլ, մարդուն էլ դուր գա: Սմավար դրեց, չայ պատրաստեց: «Աղասի, չայ կխմե՞ս», «Եթե կարելի է, մայրիկ»...
Ամեն անգամ մայրիկը վերադառնում էր ավելի հարուստ տպավորություններով, պատմում նորանոր մանրամասնություններ նրա մասին, պատմում եռանդով ու ոգևորությամբ և վերջացնում անփոփոխ եզրափակությամբ. «Աղասուց օրինակ առ»: Բայց Աղասուց ավելի ես շատ կուզենայի, որ մայրիկը պատմեր ինձ նրա փոքր քրոջ՝ Մայիսի մասին՝ իր անվան նման հմայիչ, ոսկեգանգուր, կապուտաչյա այդ երազային էակի մասին, որն այնքան հրաշալի կեպով արտասանում էր Թումանյանի «Էյ ջան աստված»-ը: Իսկ մայրիկը մտադրություն չուներ լայնացնելու իր «ռեպերտուարը»: Ինձ մնում էր տանը կուլ տալ մայրիկի հորդորները, իսկ դպրոցում պարծենալ, որ Աղասի Խանջյանը մեզ բարեկամ է, և որ նա հաճախ լինում է մեր տանը:

Դատարկ մխիթարություն, ինչպես Դեմիրճյանն է ասել՝ նշանավոր մարդու ընկեր-բարեկամ լինելը վիճակախաղում շահող համարի կողքի համար լինելու պես մի բան է:
Ամսվա ընթացքում մի երկու անգամ Խանջյանները լինում էին մեր տանը: Ես աշխատում էի ավելի մոտ լինել Աղասուն՝ հասկանալու համար, թե ինչո՞վ ես պակաս եմ նրանից, և ինչո՞վ նա ինձանից՝ ավելի... Այսպես մի անգամ տեսա, որ նա պատուհանի գոգում հարմար կերպով տեղավորված մի գիրք էր կարդում. երբ ես մոտեցա, նա գիրքը փակեց.
-Քեզ չի կարելի:
Երբ նա հոգնեց կարդալուց և գիրքը կանափի վրա թողնեկով դուրս եկավ, ես մոտեցա և բացեցի գիրքը. Րաֆֆու «Կայծեր»-ն էր: Մյուս օրը դպրոցից տուն գալու փոխարեն ես գնացի Ավետիսյան գրադարանը:
- Րաֆֆի, «Կայծեր»,-ասացի ես:
-Քեզ չի կարելի,-պատասխանեց գրադարանապետը:

Ես չհուսահատվեցի և ինձ նետեցի «Մարտիկ» գրադարանը. նույն պատասխանը: Իսկ «Ազատության լույս» գրադարանի գրադարանապետը պատասխանի փոխարեն իմ ձեռքը տվեց «Օբերոնի հրաշալի եղջյուրը» գունազարդ, պատկերազարդ գիրքը:
Ու մի անգամ, երբ մայրիկը վերադարձավ Խանջյանենց մոտից, սկսեց Աղասու գովքը և եզրափակեց՝ «Աղասուց օրինակ առ», ես չհամբերեցի և գոռացի:
-Կթողնե՞ն, որ օրինակ առնեմ...
Մայրս զարմացավ.
-Ո՞վ չի թողնի:
Ես նրան պատմեցի չարաբաստիկ «Կայծեր»-ի մասին: Մայրիկը լռեց և գնաց հորեղբորս մոտ՝ խորհրդակցության. երեկոյան ինձ հաղորդեց, որ «Կայծեր»-ը առհասարակ արգելված գիրք է:
«Արգելված գի՜րք,-մտածեցի ես,-կասկած չկա, որ ամենալավ գրքերը արգելված գրքերն են»: