Ամիսներ առաջ հայտնել էինք, որ միջադեպ է տեղի ունեցել Գյումրիի բնակիչ Հովհաննես Մկրտչյանի և ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանի հետ, ով քաղաքում առավել հայտնի է «լավաշի Մրդո»։
Oragir.News-ի խմբագրություն է դիմել գործով տուժող ճանաչված տղամարդու բարեկամուհին, ով ահազանգում է, որ մեղադրվող անձը ոչ միայն ազատության մեջ է, այլև շարունակում է ահաբեկել տուժող ճանաչված տղամարդու ընտանիքին, որ չբողոքեն։

«Շատ վրդովված ենք անարդարությունից, դատավորը փոխվեց, պատիժն էլ փոխվեց։ Հունվարի 23-ի դրությամբ 5 մլն. գրավի դիմաց հիմա գտնվում է ազատության մեջ։ Մի քանի անգամ փորձել են կաշառել, վախեցնել։ Տուժող կա, վկաներ կան, կրակած փամփուշտը փորից հանել են, բողոք կա։ Իսկ գլխավոր մեղավորը այսօր ազատության մեջ է»,-ասում է Հովհաննես Մկրտչյանի բարեկամուհին, ով վախից ուզում է, որ իր անունը չհրապարակվի։


Հիշեցնենք, որ 50-ամյա Հովհաննես Մկրտչյանը շինարարական աշխատանքներ է կատարել Մարտուն անունով անձնավորության տանը, վերջինս նրան մեղադրել է շինանյութ գողանալու մեջ, իր երկու ընկերների հետ դաժան ծեծի ենթարկել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, գցել շան բունը, սառը ջրի խողովակը պահել վրան, այնուհետև կրակել նրա որովայնին։

Փաստորեն, բավական չէ, որ նրանք դաժան ծեծի են ենթարկել քաղաքացուն, այժմ էլ փորձում են ահաբեկել նրա հարազատներին։
Գործարար Մարտին Թորոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել գործով անցնող մեկ այլ մեղադրյալ, ՔՊ-ական Երվանդ Խանամիրյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
Խոսեցինք նաև Մարտին Թորոյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ, ով հաստատեց, որ իր վստահորդի նկատմամբ 5 մլն. գրավի դիմաց տնային կալանք է սահմանվել, եւ Թորոյանը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել։