Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ․ բանաստեղծի ծնունդը
copy image url

Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ․ բանաստեղծի ծնունդը

Մշակույթ 1 տարի առաջ - 13:35 28-01-2024
«Տերյանը …. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար…»,- իր մեծ նախորդի մասին ասել է Պարույր Սևակը:

Այսօր բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան օրն է։

Վահանը բազմանդամ ընտանիքի 11-րդ երեխան էր։

Ավագ եղբայրներից Արամը հետագայում իր հուշերում պատմում է Տերյանի մանկության մասին։

«Վահանը, որին հայրս «Գայլ Վահան» էր անվանում, հաճախ պատմելով մեզ Գայլ Վահանի պատմությունը, մանկության հասակում ոչ միայն ոչնչով չէր աչքի ընկնում, այլ ընդհակառակը, սովորական երեխաներից ավելի աննկատելի էր տան մեջ: Հաստ, լիքը, գորշ դեմքով, կարմրաթուշ, կլոր երեխա էր: Այդ հասակից կտեսնեինք նրան մի անկյունում, հատակի վրա նստած կամ պառկած՝ եղունգներն է կրծում-մի սովորություն, որն ունեցել է նաեւ հայրս եւ որն ունենք կամ ունեցել ենք բոլոր եղբայրներս: Հաճախ նա անտարբեր ու թմրած դրության մեջ մնում էր պասիվ ու առանց պահանջների, առանց լացի, որի պատճառով «անուշ» երեխի, «գառի» անունը վաստակեց շրջապատից: Մանկության հասակում արդեն սկսեց նրա մեջ նկատվել նաեւ բնավորության բռնկումներ: Ամենաթեթեւ նկատողությունը ծնողներիս կողմից նրա մեջ ծանր վիրավորանքի զգացում էր առաջ բերում, թշերն ուռչում էին, աչքերից արտասուքը կաթիլ-կաթիլ գլորվում եւ դժվարությամբ զսպված հեկեկանքը սրտի խորքից դուրս պայթում: Այդպիսի դեպքերում ամեն մի փաղաքշանք ու գուրգուրանք նրան ավելի ու ավելի գրգռում էին, որի պատճառով ընտանիքում սովորություն էր դարձել նման դեպքերում հանգիստ թողնել նրան:



․․․․Վահանն իր ամբողջ մանկության ընթացքում պատերազմից նոր վերադարձածի տեսք ուներ՝ արյունլվիկ ու ջարդված մատներով, կտրտված կամ ջախջախված ոտքերով, ցեխոտ, փոշոտ կամ դարմանոտ, ապուրից, յուղից կամ մածունից փայլող պատառոտված շորերով - այդպես էր այդ թխադեմ, թաց աչքերով, սուր հայացքով, հեզահամբույր ու ծիծաղկոտ մանկան սիրելի դեմքը»:

Արամ Տեր-Գրիգորյանը հիշում է, որ հայրը Վահանին տիրացություն էր սովորեցնում, սակայն խիստ քահան հոր բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում․ երբ եկեղեցու սեղանի առաջ կանգնած հերթը գալիս էր իրեն «Ապրեցոն» ասելու, նա անփոփոխ կերպով ծիծաղից փռթկում էր, իսկ հայրը բարկանում էր․

-Ծո անպիտա՜ն, մի՜ խնդա:

Ջավախքի չքնաղ բնությունը, միջավայրը, մարդիկ, գյուղական աշխատանքները մեծ հետք են թողել ապագա բանաստեղծի ներաշխարհում․ «Ամենից հաճախ ես դառնում եմ տուն-դեպի մեր գյուղը և մեր գետը, մեր տան դիմացի բլուրը...այնքա՛ն հրաշք ու դրական բան կար մեր գյուղում, գետի ափին, բլրի մոտ»,- հիշում էր Տերյանը:



Հետագայում էլ վերհուշի նման երազներում վեր են հառնում բարձրագահ Աբուլն ու Մթին սարերը, մեղմ ծփում է անհանգիստ Փարվանան, որոնք իրենց վեհությամբ ու քնքշությամբ խոր կնիք են դնում մանուկ հոգու վրա:

Վահան Տերյանի առաջին բանաստեղծական քայլերին հետևել և գնահատել են մեր գրականության երկու մեծերը՝ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Թումանյանը։

Իսահակյանը հիշում է, որ առաջին անգամ ծանոթացել է Տերյանի բանաստեղծություններին 1906 թ․, սակայն գրվածքները թույլ գործեր է համարել․ «Մի երեկո Վահանի ընկերը ինձ ասաց, թե Վահանը բանաստեղծություններ է գրում: Վահանը դողդոջ ձայնով կարդաց մի քանի հատ: Բնավ չհավանեցի, դժգույն բաներ էին, մեծ մասով իմ ոտանավորների, Թումանյանի և ուրիշների նմանություններ:

Բանաստեղծական տրամադրությամբ լցված մի երիտասարդ, լավագույն կերպով պատրաստված, տեղյակ հին ու նոր գրականության… և այսպիսի թույլ բաներ: Շատ հիասթափվեցի: Վահանը դեռ իրեն չէր գտել. հրաշքը դեռ տեղի չէր ունեցել:

․․․․1908 թվին, ամռանը Թիֆլիսում պատահեցի Վահանին: Պիտի հրատարակեր իր բանաստեղծությունների առաջին գրքույկը՝ «Մթնշաղի անուրջները»: Տպելուց առաջ Հ. Թումանյանի մոտ կարդացել էր ձեռագիրը, ուզեց ինձ մոտ էլ կարդալ՝ «անկեղծ կարծիքս» իմանալու համար: Հյուրանոցիս սենյակում ենք: Հուզված կարդում է ոտանավորները, մեկը մյուսի ետևից. քանի առաջանում է ընթերցումը, ավելի է հուզվում. ես սրտով և ուշով հետևում եմ ընթերցումին: Տետրակը չավարտած՝ ես անհամբերությունից մղված՝ գոչեցի. «Կեցցե՛ս, Վանիկ ջան, հրաշալի բաներ են, բյուրեղացած զգացումներ՝ անթերի ձևերի մեջ: Իսկական քնարերգությունը սա է- մաքուր լիրիկա»: Զարմացա, որ նախորդ ոտանավորներից այստեղ չկար:



Վահանի ներհուն աչքերը փայլատակեցին ուրախությամբ․

-Թումանյանն էլ շատ հավանեց: Երկուսիդ կարծիքը բացարձակ արժեք ունի ինձ համար: Այլևս քննադատությունից վախ չունեմ:

Երեկոյան եղա Հ. Թումանյանի մոտ և հիացմունքս հայտնեցի Վահանի բանաստեղծությունների նկատմամբ:
-Հա է՜, շատ դրուստ ես ասում: Շատ գեղեցիկ են և գրեթե մեր լիրիկայի մեջ բոլորովին նոր բաներ: Պատկերները թեև թույլ են և քիչ, բայց լեզուն՝ մաքուր զտված և արծաթե զանգի պես՝ հնչուն: Իմ ազդեցությունը բնավ չտեսա այնտեղ, բայց քո և Դերենիկի տրամադրությունների արձագանքը կարծես կա, մանավանդ՝ քո: Դու ի՞նչ ես կարծում, համենայն դեպս՝ մեր վերնատան մեջ պատվավոր տեղ ունի…

Երկու տարվա ընթացքում հրաշքը կատարվել էր, Վահանը գտել էր իրեն և արվեստի գաղտնիքը: Վահանի երևումով մեր քնարերգության մեջ մի նոր էջ բացվեց»:

Ամենից շատ դիտված