ՔՊ-ում տեղյա՞կ չեն առաջիկա փակ հանդիպման մասին
copy image url

ՔՊ-ում տեղյա՞կ չեն առաջիկա փակ հանդիպման մասին

Ներքին 1 տարի առաջ - 18:30 18-01-2024
Օրերս Oragir.News-ը հայտնել էր, որ նախնական տվյալներով, հունվարի 24-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» արտգործնախարար Արարատ Միրզոյանին փակ հանդիպման և հաշվետվության է հրավիրել։

Հանդիպման անցկացման, ձևաչափի, օրակարգի վերաբերյալ փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից.

Հարցին՝ տեղյա՞կ եք նշված հանդիպման մասին, ի՞նչ հարցեր եք ուղղելու արտաքին գործերի նախարարին, պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պատասխանեց, որ տեղյակ չէր, չգիտեր նաև հանդիպման փակ, կամ բաց լինելու մասին։ Աղազարյանը միևնույն ժամանակ չբացառեց Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

Հարցին, թե խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը ձախողմա՞ն է գնում, կամ Արարատ Միրզոյանի հետ քննարկվելո՞ւ են այնպիսի խնդիրներ, որոնց մասին հանրությունը չպետք է տեղյակ լինի՝ Աղազարյանը պատասխանեց․

«Հանրությունը պետք է տեղյակ լինի ամեն ինչից, դրա մասին խոսք չկա։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք հանդիպում ենք տարբեր նախարարների հետ, բայց որ պետք է առաջիկայում հանդիպենք՝ տեղյակ չեմ, փակ լինելու մասին էլ չգիտեմ։ Կարող է փակ էլ լինի, որովհետև աշխատանքային քննարկումներ են․․․ նայած քննարկման օրակարգին»։

Աղազարյանից նաև հետաքրքրվեցինք, թե խաղաղության պայմանագրի գործընթացն ինչպե՞ս է գնահատում։ Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվի գործընթացը, հստակ չէ», պատասխանեց ՔՊ-ական պատգամավորը։

Իշխող կուսակցության մեկ այլ անդամ Գևորգ Պապոյանը չպատասխանեց մեր զանգերին, իսկ Վահագն Ալեքսանյանը, ինչպես պարզվեց, Արարատ Միրզոյանի հետ հանդիպման կոնկրետ օրվա մասին չգիտեր։ «Բայց ՔՊ-ն մշտական հանդիպումներ է ունենում կառավարության անդամների, այդ թվում ԱԳ նախարարի հետ։ Չեմ բացառում, որ Ձեր նշած հանդիպումն էլ լինի»,- ասաց նա։

Ալեքսանյանից նաև հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ հանդիպումը փակ ռեժիմով ընթանա, ինչին ի պատասխան, նա նշեց. «Դե, քննարկումներն աշխատանքային բնույթ են կրում և ուղիղ եթերով չեն հեռարձակվում, բայց վերջերս սկսել ենք խմբակցության թե՛ նիստերի, և թե՛ հանդիպումների մասին նաև մամուլի հաղորդագրություններ տալ»։

«Այսինքն՝ մտավախություն չկա՞, որ հանդիպման փակ լինելը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ խաղաղության բանակցությունները փակուղի են մտելով», ճշգրտեցինք մենք։ «Տեսեք, այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում բոլոր նախարարների հետ։ Լինում են թե՛ հանձնաժողովների, թե՛ խմբակցության ֆորմատով․․․ Էս պահին չեմ կարող նշել, թե օրացույցով կա՞ ԱԳ նախարարի հետ նշանակված հանդիպում, բայց եթե չկա էլ՝ ապա առաջիկայում միանշանակ, ինչպես և մյուս նախարարների հետ, էդ հանդիպումը կլինի անպայման»,- խոստացավ իշխանական պատգամավորը՝ չհերքելով, փաստորեն, խաղաղության գործընթացին առնչվող խնդիրների մասին մեր դիտարկումը։

Ամենից շատ դիտված