Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում կընդունվի արցախցիների բնակապահովման մասին որոշում։
Հունվարի 17-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտնել էր, որ նախատեսվող որոշումներով կլուծվեն ինչպես 2020, այնպես էլ 2023 թվականներին Արցախից տեղահանված և ՀՀ-ում գտնվող անձանց բնակարանային խնդիրները։
Հանրային հարթակներում, մինչդեռ, ավելի կոնկրետացված տվյալներ են շրջանառվում․ այսպես, ըստ անանուն մի առաջարկության, ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած, ինչպես նաև վերջին 3 տարում Արցախում մշտապես բնակված անձանց յուրաքանչյուրին տրամադրել առնվազն 5 մլն դրամ՝ բնակտարածություն ձեռքբերելու համար։
Միաժամանակ, առաջարկվում է տվյալ անձանցից յուրաքանչյուրին տալ ևս 5 մլն դրամ՝ բնակարանի կահավորման նպատակով։ Ընդ որում, դրամական օգնությունն առաջարկվում է տալ սերտիֆիկատի տեսքով, իսկ սերտիֆիկատի գործողության ժամկետ սահմանել առնվազն 3 տարին։
Առաջարկվում է նշված գումարը սահմանել որպես բազային և Երևան քաղաքում բնակարանի և նրա կահավորման դեպքում, իսկ ՀՀ մարզկենտրոնների և այլ բնակավայրերի դեպքում այդ գումարը բազմապատկել աճողական գործակիցներով։