Հմի ըլը ցուրտ է, եգուց-մյուս օրը, որ օրերը տաքացան, ըսիկ խոլերայի բուն է. Գյումրիում աղբահանությունը բարձիթողի վիճակում է
copy image url

Հմի ըլը ցուրտ է, եգուց-մյուս օրը, որ օրերը տաքացան, ըսիկ խոլերայի բուն է. Գյումրիում աղբահանությունը բարձիթողի վիճակում է

Ներքին 1 տարի առաջ - 10:50 12-01-2024
Հանրապետության երկրորդ քաղաքում`Գյումրիում, աղբահանության հարցը դեռևս չի լուծվում։

Քաղաքի թե' կենտրոնական, թե' երկրորդական փողոցներում աղբի տարաները ամբողջությամբ լցված են, աղբը շատ դեպքերում լցնում են աղբամանների կողքերը։

Թեև նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին Գյումրիում ավելացավ աղբատար մեքենաների թիվը, ինչպես նաև աղբամանների և աղբարկղերի թիվը, բայց դրանից էականորեն բան չփոխվեց։

Գյումրեցիներն ասում են, որ հատկապես ամռանը շնչելը, դուռ-լուսամուտ բացելը անհնար է։

Նշենք, որ Գյումրիում աղբահանությունն իրականացվում է, ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրու կոմունալ ծառայություն» հիմնարկի կողմից, որը բոլորովին վերջերս բարեխիղճ աշխատանքի համար Գյումրիի քաղաքապետի կողմից արժանացավ շնորհակալագրի։

Քաղաքապետարանից էլ ասում են, որ կոմունալ բաժինը իր գործը պատշաճ անում է։

«Հմի ըլը ցուրտ է, էգուց-մյուս օրը, որ օրերը տաքացան, ըսիկ խոլերայի բուն է, ո'չ կռնանք դուռ բացենք, ո'չ լուսամուտ։ Թափառող շները վխտանգը, ըստեղ աջ ձեռքը ձախից խաբար չէ։ Սամսոնյանը չի տեսնի, որ աղբը մարդկանց բերանները կլցվի։ Ամոթ է, էս որ թիվն է, շների հետ համատեղ կապրինք»,- ասում է գյումրեցի Վարդուհի Հարությունյանը։

Կենտրոնական թաղամասի բնակիչներից մեկն էլ պատմում է, որ հատկապես տոնական օրերին ոտք դնելու տեղ չկար։

Աղբը կուտակվել էր, իսկ աղբը հավաքող չկա, փոխարենը իրենք պատշաճ ամեն ամիս վճարում են աղբի գումարը։