Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարդկության պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման համակարգում ավելի ցածր դիրք զբաղեցնող պաշտոնյան պարգևատրում է ավելի բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյաներին»:
Մեկ այլ գրառմամբ էլ գրել է․ «Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին չի պարգևատրել Ոսկե մեդալով, հավանաբար այն բանի համար, որ նրան արժանի չի համարել։ Մի գուցե նաև նկատողություն է հայտարարել դավաճանությունների ու սրիկայությունների համար»։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի առաջին նիստը: Համահայկական խաղերի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը պարգևատրվել են Ոսկե մեդալով: Արայիկ Հարությունյանը հանձնել է պարգևները նիստին ներկա Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Մյուս պարգևատրվածների պարգևները կփոխանցվեն: