Փաշինյանի կառավարությունը ձախողել է Մարտունի ԲԿ-ի շինարարությունը․ նախարարությունից պարզաբանում են
copy image url

Փաշինյանի կառավարությունը ձախողել է Մարտունի ԲԿ-ի շինարարությունը․ նախարարությունից պարզաբանում են

Ներքին 1 տարի առաջ - 10:50 11-01-2024
2023 թվականի նոյեմբերի 4-ին ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա գտնվեցին Մարտունի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողությանը։

Ընդամենը 2 ամիս է անցել, որ հաստատությունը շահագործման է հանձնվել, սակայն մեր աղբյուրները վստահեցնում են, որ բազմաթիվ թերություններ են առկա, ինչն ամեն կերպ փորձում են թաքցնել, քանի որ միլիոնավոր դոլարների ծախս է արվել, բայց ապարդյուն։

«Առողջապահության նախարարության կողմից կառուցված Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը լրջագույն թերություններ ունի և հիվանդներ չի կարող ընդունել ու սպասարկել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Մարտունու բժշկական կենտրոնի անորակ շինարարությունը թաքցնելու հարցով փորձել է դիմել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ խնդրելով նորակառույց բժշկական կենտրոնի թերությունները հնարավորինս թաքցնել մարզի բնակիչներից և լրատվամիջոցներից։ Սակայն մարզպետը հրաժարվել է ընդհանրապես խառնվել այս հարցին՝ պատճառաբանելով, որ նոր կառուցված հիվանդանոցի պատասխանատուն Առողջապահության նախարարությունն է, և մարզպետարանը կամ բուն Մարտունու բժշկական կենտրոնի ղեկավարությունը որևէ կապ չունի հիվանդանոցի շինարարության հետ»,- ասաց մեր աղբյուրը։

Նրա խոսքով՝ նախարար Ավանեսյանը մեկ այլ շատ կարևոր զգուշանալու խնդիր էլ ունի, և դրա պատճառը Մարտունու հիվանդանոցի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի կապն է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հետ,իսկ վերջինս Փաշինյանի հավատարիմներից է։

«Բանն այն է, որ վերջերս Անահիտ Ավանեսյանը պետական առողջապահական գործակալության միջոցով Մարտունու հիվանդանոցի վրա աստղաբաշխական թվերի հասնող խախտումներ է արձանագրել՝ կարծես հատուկ թիրախավորված, ինչի հետ համաձայն չի եղել հիվանդանոցի տնօրինությունը։ Ասում են՝ դրա պատճառը եղել է այն, որ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը Արսեն Թորոսյանի և տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի մտերիմն է»։

Oragir.News-ը Մարտունի ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանից հետաքրքրվեց, թե արդյոք թերություններ առկա՞ են հիվանդանոցում, ինչը փորձում են թաքուն պահել․
«Նման բան չկա, ես նման բան չեմ լսել։ Շինարարության ավարտական ակտը դեռ չկա, ընթացքում է։ Ես տեղյակ չեմ, շինարարությունն իրականացնում է Առողջապահության նախարարությունը»։

Ճշտող հարցին՝ կոնկրետ այդ մասնաշենքում, որի բացման արարողությանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հիվանդներ ընդունո՞ւմ եք, թե՞ ոչ, Մարտունի ԲԿ-ի տնօրենը պատասխանեց՝ «Դեռ չէ, թե երբ կլինի, տեղյակ չեմ, զանգեք Առողջապահության նախարարություն»։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարություն։ Հարցին՝ Ինչո՞ւ Մարտունու ԲԿ-ի նոր մասնաշենքը մինչ օրս հիվանդների չի ընդունում, շինարարության ավարտական ակտն ինչո՞ւ չի տրվել։ Արդյոք խնդիրներ կան, որոնք փորձում են թաքցնել։

Տեղեկություններ կան, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է խնդրել Գեղարքունիքի մարզպետին, որպեսզի անորակ շինարարության մասին չբարձրաձայնվի, սակայն մարզպետը հրաժարվել է խառնվել այս հարցին։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը նշված հարցերին ի պատասխան հայտնեց․

«Մարտունու ԲԿ-ի շինարարությունը իրականացվել է պատշաճ որակով և եթե նույնիսկ ի հայտ են գալիս մանր թերացումներ, ինչն անխուսափելի է նման ծավալի կառուցման պարագայում, ապա դրանք պարտադիր կերպով շտկվում են և կվերացվեն շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից` երաշխիքային ժամկետի՝ 1 տարվա ընթացքում։ Ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումներն անցկացնելուց հետո, և քանի դեռ բուժծառայությունները հին մասնաշենքից նորը տեղափոխելու ընթացքի մեջ ենք, այն բնականաբար հիմա չի կարող տրվել։ Մնացած հարցերը, կներեք, մերկապարանոց են և ինձ բամբասանք են հիշեցնում, չեմ մեկնաբանի»։