Մեզ «լցրել էին մի կաթսայի մեջ, որպեսզի, երբ պահը գա, կրակը տակից վառեն»․ արցախցի
copy image url

Մեզ «լցրել էին մի կաթսայի մեջ, որպեսզի, երբ պահը գա, կրակը տակից վառեն»․ արցախցի

Ներքին 1 տարի առաջ - 15:30 06-01-2024
Ամիսներ են անցել արցախյան բռնագաղթից, սակայն կորստի ցավը գնալով ավելի է խորանում մարդկանց հոգիներում։ Այն վերջին հույսը, որ միգուցե «հյուր են եկել Հայաստան», շուտով վերադառնալու են հայրենի օջախներ, կամաց-կամաց մարում է՝ տեղը զիջելով գորշ իրականությանը։

«Աշխարհում ամենածանր երևույթն ըստ իս սեփական օջախից, մանկությունից ու կյանքիցդ ստիպողաբար հրաժարվելն է, որն իմ կյանքում եղավ սեպտեմբերի 27-ին, երբ գիտակցաբար լքեցի իմ հայրենիքը՝ միայն թե օտարահպատակ չդառնամ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արմինե Հայրապետյանը։

«Այսօր, երբ ամիսներ անց փորձում եմ վերհիշել այդ օրերի հոգեվիճակս, հասկանում եմ, որ մոտս տարօրինակ խռովք կար։ Նույնիսկ խռոված էի տարիների դառը քրտինքով վաստակած իրերիցս, անգամ իմ շորերից, որոնք չցանկացա հետս վերցնել։ Ես շատ հուսալքված ու հիասթափված էի, դրա համար էլ աղջկաս արգելեցի որևէ բան վերցնել մեր տնից»,- ասում է Արմինեն, ում համար 2020 թվականից հետո սպասելի էր վատ վերջաբանով հանգուցալուծում, քանի որ այլևս կորցրել էր վստահությունը «խաղաղապահ» ձևացող մեր դարավոր թշնամու նկատմամբ։

Արմինեն ասում է, որ սեպտեմբերի 20-ից հետո, երբ հայտարարվեց, որ դեռևս մինչև հունվար մարդիկ կարող են մնալ Արցախում, փոքր հույս կար իր մոտ, որ աշխարհն ինչ որ բան կփոխի, միգուցե այդ ամիսների ընթացքում որոշվի, որ մնալու են Արցախում, բայց, ցավոք, երբ պարզվեց, որ ինքը սխալվել է, ավելի մեծացավ հիասթափությունն ու ընկճվածությունը։

«Իմ տեսած չորս պատերազմների ընթացքում վախն ինձ այցի էր գալիս շատ ուշ՝ ռազմական գործողություններից հետո, սակայն այս վերջին պատերազմի հենց առաջին օրը ես սարսափեցի, քանի որ հասկացա, որ մեզ «լցրել էին մի կաթսայի մեջ, որպեսզի, երբ պահը գա, կրակը տակից վառեն»»,- ասում է Արմինեն, ում խոսքով, երբ առաջին արկերը պայթել են, սարսափահար դուրս է եկել տնից՝ չհասկանալով դեպի ուր վազել՝ երեխաները, ովքեր դպրոցում էին, թե եղբոր մոտ, ով ամենավտանգավոր կետում էր, որտեղից ծուխ էր բարձրանում։

«Երբեք չեմ մոռանա սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտում տիրող քաոսը։ Եղբայրս ևս Հայկազովում էր, փառք Աստծո, գտանք ողջ, բայց ուղեղիցս երբեք չի ջնջվելու այն տեսարանը, ինչ տեսել եմ այնտեղ»,- ասում է մեր զրուցակիցը՝ այդ ամենի մեջ մեղադրելով ԱՀ իշխանություններին։

«Եթե նույնիսկ ԱՀ իշխանությունները ոչինչ արած չլինեին, մենակ այդ անկազմակերպ վիճակի համար, որի պատճառով ականատեսը եղանք չտեսնված գեհենի, ես նրանց ներել չեմ կարող»,- ասում է Արմինեն։