Փաշինյանը պտի ըմբես էնե, որ հեռավոր գյուղերը չդատարկվին, ոչ թե գյուղից գյուղ ըգնի ջրի ծորակ ու չիդեմ ինչի որակ ստուգե. Աշոցքի բնակիչ
copy image url

Փաշինյանը պտի ըմբես էնե, որ հեռավոր գյուղերը չդատարկվին, ոչ թե գյուղից գյուղ ըգնի ջրի ծորակ ու չիդեմ ինչի որակ ստուգե. Աշոցքի բնակիչ

Ներքին 1 տարի առաջ - 14:58 06-01-2024
Ամասիան ու Աշոցքը Շիրակի մարզի ամենաաղքատ գյուղերից են. հեռավոր այս գյուղերում խնդիրները շատ են, կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններն ու համապատասխան ենթակառուցվածքները հիմնականում բացակայում են:

Շատ հաճախ ճանապարհների անանցանելիության պատճառով այդ հեռավորությունը կրկնապատկվում է, հասարակական տրանսպորտ չի աշխատում։ Մարդիկ դժգոհում են, որ Երևան հասնում են 1200 դրամով, իսկ Ամասիայի որոշ գյուղեր՝ 3000 դրամով։

Oragir.News-ի հետ զրույցում Ամասիայի Հողմիկ բնակավայրի բնակիչներից մեկը ասում է.

«Ըստեղ ամեն ինչը խնդիր է...տրանսպորտ չկա, ենթակառուցվածքները շատ վատ են, բացի էդ ոռոգման համակարգ չկա, զբաղմունքի մասին էլ չխոսամ։Աշխատանք չկա, գյուղը կտրված է աշխարհից։Գյուղամիջյան ճանապարհներն անբարեկարգ են, առանց ասֆալտային ծածկույթի: Հասարակական տրանսպորտ մեր գյուղը չունի, Լեննական էրթալ-գալը տաքսիներով է, վճարն էլ կսկսվի 3000 դրամից: Այսինքն, ես Երևան կռնամ 1000-1200 դրամով հասնիմ, իսկ Ամասիայից Լեննական վրես 3000 դրամ կնստի»,- ասում է Հողմիկի բնակիչ Սուրիկ Առաքելյանը։

Հեռավոր գյուղերի բնակիչները նեղվում են, որ իրենց գյուղերը պետության ուշադրությունից դուրս են մնացել։ Աշոցքի սահմանամերձ գյուղի բնակիչներից մեկն էլ ասում է.

«Փաշինյանը պտի ըմբես էնե, որ հեռավոր գյուղերը չդատարկվին, ոչ թե գյուղից գյուղ ըգնի ջրի ծորակ ու չիդեմ ինչի որակ ստուգե։Թող ըլը գա տեսնի, որ 21-րդ դարում, էս լուսավորության դարում մարդիկ աթար կվառեն, կամ ջրի խնդիր ունին։ Ջահելները չեն ուզե գյուղը ապրին, կմտածեն ըստեղ ապագա չկա։Մնան ինչ էնեն, էն տարրական հարցերը չեն կռնա դաժը լուծեն, որ մարդկանց կյանքը փոխվի»,- ասում է Արմեն Սիմոնյանը։

Ամասիայի և Աշոցքի բնակավայրերում ճանապարհների անանցանելիության ու հանրային տրանսպորտի բացակայության խնդիրները առաջիկայում էլ չեն լուծվի, որովհետև հասարակական տրանսպորտով բնակավայրերն ապահովելու խնդիրը տեղական իշխանության շրջանակներում չէ, իսկ ասֆալտապատումը դուրս է տեղական բյուջեի հնարավորություններից:

Ամասիա և Աշոցք համայնքները իրենց ունեցած համեստ բյուջեով կարողանում է բնակավայրերի համար շատ նվազագույն պայմաններ ապահովել`ճանապարհներին խճալցման աշխատանքներ են կատարվում, դա ձմռանը անցանելություն ապահովելու համար է։

Նշենք, որ համայնքների տեղական բյուջեի հնարավորություններով ասֆալտապատման աշխատանքներ համայնքում նախորդ տարիներին, տարվել են. համայնքային կենտրոն Ամասիայում մոտ 1 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, նաև մայթերն են վերանորոգվել: Բայց առաջնահերթ խնդիրները շարունակվում են չլուծվել։