Արցախցի Արցախը, հավատարիմ մնալով իր խոստմանը, չհեռացավ հայրենի Գանձասարից
copy image url

Արցախցի Արցախը, հավատարիմ մնալով իր խոստմանը, չհեռացավ հայրենի Գանձասարից

Ներքին 1 տարի առաջ - 10:50 23-12-2023
«Ես նահանջելու տեղ չունեմ, թիկունքում ընտանիքս է, ում անվտանգությունը առաջինը ես պիտի ապահովեմ, դուրս գալու տեղ էլ չկա, քանի որ բլոկադա է»,- սրանք արցախցի Արցախ Պողոսյանի խոսքերն են, ով, հավատարիմ մնալով իր խոսքերին, գնաց անմահության ճանապարհով՝ համալրելով երկնային գունդը։

Կինը՝ Մանանան, Oragir.News-ի հետ զրույցում ամուսնուն նկարագրում է որպես աշխարհի ամենաբարի ու հոգատար մարդը, ով հավատարիմ մնաց իր խոստմանը, չհեռացավ հայրենի Գանձասարից, փոխարենն իրենց թողեց կարոտով։

«Պաշտպանեց հայրենիքը, անմահացավ սահմանին, իսկ այսօր ո՛չ իրեն ունենք, ո՛չ Արցախը»,- ասում է կինը։

Արցախ Պողոսյանը 35 տարեկան էր, ով ծնվել ու մեծացել է Գանձասարի փեշերին՝ հայրենի Վանք գյուղում: Մանանայի խոսքով՝ ամուսնու՝ Արցախի հետ ծանոթացել են 2018 թվականին։ 2019-ին ամուսնացան, իսկ 2020 թվականին ծնվեց դուստրը, ով ընդամենը 11 օրական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հայրենասեր Արցախը մասնակցել է 2016, 2020 և վերջին՝ 2023-ի պատերազմներին, երկուսից հրաշքով փրկվել․․․

«2020 թվականի սեպտեմբերին ծնվեց մեր բալիկը։ Ամուսնուս ցանկությունն էր մեր բալիկին անվանակոչել իր մայրիկի՝ Նաիրայի անունով։ Բալիկս 11 օրական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Մենք տարհանվեցինք Երևան, իսկ Արցախն ամենաթեժ մարտական դիրքերում էր։ Նաիրկան 3 ամսական էր, որ հայր ու դուստր նորից հանդիպեցին»,- պատմում է Մանան։

Մանանայի խոսքով՝ իր Արցախից իրեն որպես թանկ հուշ մնացել է միայն դուստրը, ամուսնու հեռախոսն ու աղոթագիրքը։ Իսկ միակ սփոփանքն այն է,որ գոնե լացելու տեղ ունի Եռաբլուրում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի