Հայաստանում շարունակվում են ակտիվորեն քննարկվել այն պնդումները, թե գործող իշխանությունները պատրաստվում են հաջորդ տարի կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել և վերարտադրվել։ Բազմաթիվ փորձագետների համոզմամբ՝ այս մասին են վկայում նաև իշխանությունների վերջին քայլերը՝ մասնավորապես տարբեր համայքներում ընդդիմադիր ՏԻՄ-երի զավթումը, Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը և այլն։
Այսօր լրագրողները արտահերթ ընտրությունների գնալու մասին հարց ուղղեցին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ով հերքեց այդ մասին պնդումները։ Սիմոնյանը վստահություն հայտնեց, որ իրենք կարող են ամեն տարի ընտրություն անցկացնել և հաղթել, սակայն այս պահին նման մտադրություն չունեն։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների, հատկապես Ալեն Սիմոնյանի յուրաքանչյուր հայտարարություն ցույց է տալիս, թե նրանք որքան են կտրված իրականությունից։ Պատգամավորի խոսքով՝ եթե առաջնորդվենք Ալեն Սիմոնյանի տրամաբանությամբ, ապա ինքը կարող է քայլել և թքել մարդկանց վրա, ու այդ ամեն ինչը ոչ մի հետևանք չունենա, մինչդեռ իրականությունն այն է, որ բոլոր արարքների համար, այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված, ի վերջո գալու է պատասխան տալու ժամանակը։
«Ցանկացած քաղաքական դերակատարի արարք անխուսափելիորեն արտացոլվում է նաև իմիջային և վարկանիշային տեսանկյունից։ Իրականում, ինձ թվում է, որ իրենք սկսել են տառապել այն հիվանդությամբ, որով տառապում է յուրաքանչուր քաղաքական ուժը և ուժի ներկայացուցիչը, ովքեր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացել են իրենց ձեռքում և ուզորպացրել այն։ Իրենք կտրվում են իրականությունից, և դա ի վերջո դառնում է իրենց կործանման աղբյուրը»,- կարծում է նա։
Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ ՔՊ-ի օրակարգում առկա է իշխանությունը պահպանելու խնդիրը, իսկ դրա համար իրենք անելու են ամեն ինչ, և այն պահին, երբ կֆիքսեն, որ դրա համար անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, կգնան դրան։ Նա կարծում է՝ եթե իշխանությունները ֆիքսեն, որ նման սցենարը կարող է վտանգել իրենց իշխանությունը, և այդ ընտրությունների միջոցով հանրությունն արտահայտի իր դժգոհությունը, ապա ընտրություններ չեն անցկացնի։
«Ես կարծում եմ, որ ՔՊ-ի մասով որևէ կանխատեսումն անելը և նրանց օրակարգերը մեկնաբանելն անշնորհակալ գործ է, հատկապես առկա անվտանգային խնդիրների ֆոնին։ Իրենք չեն խորշելու արտահերթ ընտրություններ կազմակերպելուց կամ այդ մասին հայտարարելուց, իսկ ավելի ուշ չեղարկելուց, քանի որ այդ ամբողջի կենտրոնում իշխանությունը պահպանելու հարցն է»,- շեշտեց նա։
Անդրադառնալով հնարավոր ընտրությունների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանը և իշխանական շրջանակների այն պնդումներին, թե դրանց դեպքում ընդդիմությունն այլևս այս կազմով ԱԺ-ում ներկայացված չի լինի, ընդդիմադիր պատգմավորն ասաց, որ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների թեման համարում է արհեստականորեն օրակարգ բերված։ Նրա համոզմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ այս թեման օրակարգ է բերվում, որպեսզի այլ՝ ավելի կարևոր հարցերը չքննարկվեն։
Քրիստինե Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ այս մասին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը քննարկելն անտրամաբանական է, քանի որ առկա են շատ ավելի մեծ խնդիրներ։ «Մեր գերագույն նպատակն այն չէ, թե խորհրդարանում արտացոլված կլինե՞նք կամ որքանո՞վ արտացոլված կլինենք։ Մեր առաջնահերթությունը երկրի անվտանգության ու պաշտպանունակության ապահովումն է և չգիտենք, թե ինչո՞ւ ՔՊ-ն այդքան անհանգստացած խորհրդարանում մեր ներկայացվածությամբ։ Եթե այդպես է, ուրեմն իրենք բացահայտում են, թե ընտրությունների օրակարգով ինչ նպատակ են հետապնդում»,- ասաց նա։
Պատգամավորն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ ժողովրդի որոշելիքն է, թե որ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն խորհրդարանում, իսկ իրենց խնդիրը ժողովրդի հետ ճիշտ կոմունիկացվելն է, իրենք դրա վրա են կենտրոնացած։
Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ ՔՊ-ի գործողությունների վերաբերյալ միանշանակ պնդումներ չի կարող անել, սակայն ակնհայտ է, որ այդ հարցն արհեստականորեն է օրակարգ բերվել՝ իրենց և իրենց սատարող քաղաքական ուժերի կողմից։ Պատգամավորը չբացառեց, որ դա կարող է արվել՝ անվտանգային հարցերից մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով։
Դավիթ Գույումջյան