Հին ու մոռացված «Տոնածառ ջան» երգի 125-ամյակի կապակցությամբ ու Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների նկարների ոգեշնչմամբ մասնագիտությամբ ինժեներ Տիգրան Աբգարյանը ներկայացրել է երգի նորովի ձայնագրություն։ Երգը թարգմանվել է անգլերեն և ռուսերեն տարբերակներով, որպեսզի օտարազգիներն էլ հնարավորություն ունենան ծանոթանալ հայ երգին։ Մտահղացման, նախաձեռնության գաղափարի և ապագայում սպասվող նորությունների մասին
Oragir.News-ը զրուցել է նախագծի հեղինակ Տիգրան Աբգարյանի հետ։
-Որտեղի՞ց և ե՞րբ առաջացավ երգը նոր շնչով մատուցելու գաղափարը։- Մտահղացումը մի քիչ երկար նախապատմություն ունի։ Նախաձեռնության հեղինակը ես եմ։ Դեռ Արցախի շրջափակման օրերին, երբ մենք կապվում էինք Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ, առաջացավ մտահղացում՝ ստեղծելու օտարալեզու հանրաճանաչ երգերի cover կատարումներ՝ հայկական թարգմանությամբ։ Բացի հայկական թարգմանութունից՝ մենք պլանավորում էինք հոլովակներ նկարել այդ cover-ների համար ու հոլովակներում ցույց տալ երեխաների նկարները, որպեսզի երգերի միջոցով բարձրաձայնենք Արցախի խնդրի մասին։ Ցավոք սրտի, մտահղացումը չիրականացավ, քանի որ շատ արագ զարգացումներ տեղի ունեցան։ Քանի որ մոտենում է Ամանորը, երեխաները Ամանորի հրաշքի սպասումով են լցված, որոշեցինք Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հետ մի նոր բան անել․ ձայնագրել մեր հին ու գրեթե մոռացված «Տոնածառ ջան» երգը, թարգմանել մի քանի լեզուներով։ Այս պահին երգը թարգմանվել է անգլերեն և ռուսերեն տարբերակներով, բայց կա ծրագիր նաև իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն թարգմանելու և տարածելու այդ երգը օտարալեզու հարթակներում, որպեսզի օտարալեզու ունկնդիրը նույնպես կարողանա ծանոթանալ հայ երգի հետ՝ նոր ոճով, ադապտացված իրենց լսողությանը։
-Ի՞նչ սկզբունքով եք ընտրել այս երգի շապիկը։ -Ընտրված նկարի հեղինակը հենց այնտեղից գաղթած երեխա է, ինչը շատ կարևոր է։ Նպատակը, նաև, խնդիրը մոռացության չմատնելն էր․ կա խնդիր, որը պետք է ինչ-որ ձևով լուծվի, իսկ մարդկանց տեղափոխությունը, բնաջնջման վտանգը դեռևս պահպանվում է՝ չնայած իրենց՝ ապահով վիճակում գտնվելուն։ Մեր բոլորի վերացման խնդիրը դեռ գոյություն ունի․ մենք դրանից դեռ չենք ձերբազատվել։ Նկարի հեղինակը 11-ամյա Ղասումյան Ռոբերտն է:
-Ի՞նչ երգերի մշակմամբ եք պատրաստվում զբաղվել ապագայում։-Ներկա դրությամբ միայն այս ամանորյա երգն է։ Բայց միգուցե հաջող արձագանքի դեպքում հնարավոր լինի շարունակել այլ երգերով, թարգմանություններով, հասանելի ժանրերով, որպեսզի մեր ճանաչելիությունը բարձրացնենք, մեր խնդիրների մասին բարձրաձայնենք։
- Ի՞նչ սկզբունքով են ընտրվում սաների նկարները, որոնք շապիկներ են դառնում։ -Առանձնապես սկզբունք չկա։ Մենք մանկապատանեկան կենտրոնի հետ որոշեցինք ուղղակի Նոր տարվա թեմայով նկարներ նկարել, երեխաներին բոլորովին ազատություն տալ իրենց որոշումներում՝ ինչ կուզեն նկարել՝ տոնածառ, Արցախի Պապիկին ու Տատիկին։ Ունենք 19 նկար, որոնցից 3-ը օգտագործվելու են շապիկի համար, մնացածը՝ այն դեպքում, եթե կարողանանք ձայնագրել նույն երգերը՝ այլ լեզուներով։ Վերջում ունենալու ենք տեսահոլովակ, որտեղ բոլոր նկարները կցուցադրվեն։
-Ո՞վ է զբաղվում երգերի գործիքավորմամբ։-Գործիքավորմամբ ես եմ զբաղվում։ Այս երգի ընտրությունը acid jazz ոճով է ձայնագրված, սակայն կա նաև մտադրություն ֆանկ ոճով ինչ-որ երգ ձայնագրելու, գուցե՝ նաև ազգային նվագարաններով։ Հստակ երգացանկ չկա, որ կողմնորոշվենք՝ ինչ ձևով ենք ներկայացնելու։
