«Հորեղբայրս իմ համար երկրորդ ծնող էր, այնքան բարի, հոգատար, ուղղակի չգիտեմ ինչպես նկարագրել նրա բարի ու հայրենասեր կերպարը․․․ Երանի կարողանայի ժամանակը հետ տալ, կրկին առավոտ շուտ գար ու ինձ կանչեր, ասեր, Մերի, էս ժամեն մարդ քոնիլած կինի՞»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղից բռնի տեղահանված Մերի Ահարոնյանը, ով կարոտով է հիշում հորեղբոր՝ Ռաման Ռոմայի Ահարոնյանի հետ կապված հուշերն ու զրույցները։
«Ամեն օր էն հույսավում երկենում, վեր հունցը միշտ առավոտ կիլանա մեր տոն՝ ծեն տա, ասես․ «Մերի, էդ հալամ քոնիլածըս, ըմ, պա էս ժամին մարդ քոն կինի։ Միշտ ասումի՝ հոպար, եք կոֆե խմենք, ասումար՝ շատըմ խմալ, բայց վեր տուվս ասում, էլայում խմում»։
Մերին սովորում է 12-րդ դասարանում, ասում է՝ հորեղբայրը դեռ ամուսնացած չէր ու իր հետ ավելի շատ ընկեր էր։
«Իմ թիկունքն էր, ինձ ամեն հարցով օգնում էր, միշտ կողքիս էր։ Իր մահից հետո կյանքս կարծես անիմաստ է դարձել, կարծես ժամանակը կանգ է առել, կարծես մի բան պակաս է, ամենուր շուրջս իրեն եմ փնտրում»,- դժվար է իրականության հետ համակերպվում Մերին։
Ռաման Ահարոնյանը ծառայել է Սիրխավենդի N զորամասում, կրտսեր սերժանտ էր, հայրենասիրությունը ժառանգել էր մտավորական հորից, ով զոհվել էր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մերիի խոսքով՝ կյանքից շուտ է հեռացել նաև տատիկը, միգուցե դա էր պատճառը, որ հորեղբայրն իրենց ընտանիքի անբաժան մասնիկն էր։
«Երբ սկսվեց քառօրյա, ապա 44-օրյա պատերազմական գործողությունները, նա կրկին ամենաթեժ կետերում էր՝ Մարտակերտից Շուշիի։ Աստված գուցե լսեց մեր աղոթքները ու փրկեց նրան, իսկ 2023-ին․․․ Այլևս անզոր էին մեր խնդրանքներն ու աղոթքները»,- ասում է մեր փոքրիկ զրուցակիցը։
«Սեպտեմբերի 19-ին, երբ բոլորս ապրում էինք մեր առօրյա կյանքով, դպրոցից նոր էի տուն եկել, հանկարծ կրակոցներ լսվեցին, գնալով ավելի էր սաստկանում, հասկացանք, որ պատերազմ է։ Հայրս ու եղբայրներս նույնպես զինվորականներ էին, գտնվում էին առաջնագծում։ Սեպտեմբերի 19-ի գիշերը մի կերպ լուսացրինք՝ այն հույսով, որ առավոտյան նորից ամեն ինչ առաջվանը կլինի, ու էլ կրակոցներ չեն լսվի։ Ցավոք, ավելի թեժացավ, զոհեր, վիրավորներ, ժողովրդին արդեն տարհանում էին գյուղերից, որովհետև թշնամին արդեն գյուղի մատույցներում էր գտնվում։ Այդ ժամանակ հորեղբայրս ու գյուղի ջահելները հավաքվեցին, որ գնան դիրքերը՝ օգնության։ Նույն օրն էլ զոհվեց իմ հերոսը՝ զինակից բոլոր ընկերների հետ՝ «Խաչենի Մոստ» կոչվող տեղամասում։
Արդեն քանի օր հորեղբորիցս մենք սպասում էինք լուրի՝ հույս ունենալով, որ Աստված այս անգամ էլ կլսեր մեր աղոթքները, փնտրում էինք բոլոր հիվանդանոցներում։ Սեպտեմբերի 23-ին գտանք մասունքները, մի մասը հուղարկավորեցինք ծնողների մոտ՝ Վանք գյուղում, իսկ մյուս մասը՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում․․․
Առանց հրաժեշտի, շատերի պես մենք ևս բռնեցինք գաղթի ճանապարհը, 2 ժամվա ճանապարհը հաղթահարեցինք շուրջ 48 ժամում՝ առանց հացի ու ջրի, միայն այդ պահին մտածում էինք, թե ոնց պիտի անցնենք Հակարիի կամուրջը․․․
Շուտով 3 ամիսը կլրանա, իսկ մենք դեռևս հույսով ու հավատով սպասում ենք, որ հորեղբորս գերեզմանը կտեղափոխեն Եռաբլուր։ Երբ տարհանվեցինք, հայրիկիս խնդրեցի՝ տանն ինչ որ հորեղբորս է պատկանում, վերցնի որպես հուշ։ Հիմա մենք այդ հիշողություններով ենք ապրում»,- ասում է Մերի Ահարոնյանը։