ՔՊ-ն պատրաստվում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնել ու իր թեկնածուին առաջադրել
copy image url

ՔՊ-ն պատրաստվում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնել ու իր թեկնածուին առաջադրել

Ներքին 1 տարի առաջ - 09:40 07-12-2023
Արդեն տեղեկացրել էինք, որ Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները վայր են դնում մանդատները։ Ակնհայտ է, որ ՔՊ-ականները փորձում են ճգնաժամ ստեղծել, որ հնարավորինս արդարացված լինի արտահերթ ՏԻՄ ընտրությունների բեմադրումը։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Գյումրիի քաղաքապետարանում ՔՊ-ի և իշխող «Բալասանյան դաշինքի» ջրերը մի առվով չեն գնում, իշխող և ընդդիմադիր ուժի մեջ ներքին կոնֆլիկտ կա, որի մասին ո՛չ հերքվում է, ո՛չ էլ հաստատվում։ Երկու քաղաքական ուժերը, 2021թ․-ի հոկտեմբերին ստորագրած հուշագրով, կարծես թե կարգավորել էին իրենց հարցերն ու պարտավորությունների շրջանակը, բայց փաստն այն է, որ Գյումրիի քաղաքապետը` շներին դեմքով ճանաչող Վարդգես Սամսոնյանը դրածո է, իսկ իրականում ՔՊ-ն է կանգնած քաղաքի համար կարևոր որոշումների հետևում։

Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն էլ, ի պատասխան երեկ Oragir.News-ի տարածած տեղեկության, հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» միակողմանիորեն խզում է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը։

Այսինքն` ՔՊ-ական փոխքաղաքապետեր Արթուր Պապիկյանը և Վահագն Մկրտչյանը կներկայացնեն հրաժարականի դիմումներ։

«Քաղաքացիական պայմանագրից» այսպես են ձևակերպել պատճառը.

«Գյումրին չի կառավարվում Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, և «քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչը անարդյունավետ է դարձնում թե' Գյումրիի քաղաքապետարանի գործունեությունը և թե' «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում»:

ՔՊ-ից շատ թափանցիկ կերպով ակնարկում են, որ պատրաստվում են Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին անվստահություն հայտնել և իրենց թեկնածուին` Նիկոլ Փաշինյանի կնոջ բարեկամ 28-ամյա Վահագն Մկրտչյանին, առաջադրել, որպես Գյումրիի քաղաքապետ։ ՔՊ-ից թերևս ասում են, որ իրենց հետագա քայլերը դեկտեմբերի 11-ի ասուլիսում կներկայացնեն։

Ուշագրավն այն է, որ «Բալասանյան դաշինքը» ևս չի մեկնաբանում քաղաքական այս խմորումները՝ նրանք էլ իրենց հերթին են խոստանում համապատասխան հայտարարությունով հանդես գալ։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիր»-ը պայմանավորվել են, որ «Բալասանյան դաշինքը» քաղաքապետի պաշտոնը կզիջի, իսկ Գյումրիի նախկին քաղաքապետի որդին՝ Միսաք Բալասանյանը, կնշանակվի Իրաքում ՀՀ դեսպան։