Եղել են զոհված զինվորների ծնողներ, որ խաչքարեր են ուզել, բայց ես իմ մեջ էդ ուժը չեմ գտել, որ կարողանամ աշխատել. կին խաչքարագործ

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:50 05-12-2023
29-ամյա Նարինե Փոլադյանն է՝ խաչքարագործ հարսնացուն Լիբանանից։ Նարինեի արվեստանոցում ենք, որտեղ հասարակ քարերը կանացի նուրբ ձեռքերով զարդանախշեր ու խաչքարեր են դառնում։

«Երբ որ արդեն Հայաստան եկա, բոլոր փողոցներում հատ առ հատ կպտտեի, տեսա խաչքարագործների, ովքեր աշխատում էին ծանր քարերի վրա, դա շատ հետաքրքիր էր։ Ճիշտ է, նախքան դա՝ հետաքրքրություն չեմ ունեցել խաչքարերի հանդեպ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասում է խաչքարագործ Նարինե Փոլադյանը։

Նարինեն «Դեպի Հայք» ծրագրով որպես կամավոր եկավ Հայաստան, խոստովանում է, որ Հայաստանի ամեն քարը, շենքը, թուփը սիրում է։ Ամեն ինչ պատահական եղավ... Շատ սովորական մի օր էր, երբ Երևանի Արամի փողոցում տեսավ խաչքարագործ վարպետների աշխատանքն ու սիրահարվեց այդ գործին: Մասնագիտությամբ ճարտարապետ է, ասում է` երկու մասնագիտություններն էլ իրար փոխլրացնում են, իրար որ չօգնեն, չեն էլ խանգարի (ժպտում է):

«Եղել են զոհված զինվորների ծնողներ, որ խաչքարեր են ուզել, բայց ես իմ մեջ էդ ուժը չեմ գտել, որ կարողանամ աշխատել։ Սկզբում ծանր գործիքներ օգտագործելը դժվար էր, հիմա խաղուպար է»,-շարունակում է կին խաչքարագործը։

Նարինեն ասում է` ամեն խաչքարի մեջ դնում ես ամբողջ սերդ ու եռանդդ․ չափազանց համբերատար պիտի լինես։

Մանրամասները`տեսանյութում։