Մեկ օրում հա՛մ որդուս կորցրի, հա՛մ Արցախս, հա՛մ ինձ. զոհվածի հայր Պետրոսյանները Ասկերանի շրջանի Պատարա գյուղից են բռնի տեղահանվել։
Արցախցի այս ընտանիքը սեպտեմբերի 19-ի պատերազմում կորցրել է 19-ամյա որդուն, ով այդ ժամանակ 1 տարվա ժամկետային զինծառայող էր։ 59-ամյա Սուրեն Պետրոսյանը որդու մասին պատմելիս մի կերպ է զսպում արցունքները, ասում է`պատերազմը ինձնից ամեն ինչ խլեց.
«Մեկ օրում հա՛մ որդուս կորցրի, հա՛մ Արցախս, հա՛մ ինձ։ Մեկ տարվա ծառայող էր տցաս, Ասկերանում էր ծառայում... Վերջին անգամ հետը սեպտեմբերի 17-ին ենք խոսել, ոչինչ չասաց, միայն ասաց`պապա համար մեկ է տված, դա է եղել վերջին խոսակցությունը։ Սեպտեմբերի 19-ին է դեպքը եղել»:
Սամվելը ընտանիքի կրտսեր որդին էր, քույր և եղբայր ունի։ Պետրոսյանների ընտանիքն էլ հազարավոր արցախցիների նման հարկադրված դուրս է եկել Արցախից։
Հիմա Շիրակի մարզի Մայիսյան գյուղում են ապրում։ Արցախցի տղամարդն ասում է`որդիս Եռաբլուրում է, մենք Շիրակում, իսկ կյանքերս, հոգիներս Արցախում են։