Իրավասու մարմինը դեռ չի պատասխանել ՄԻՊ-ին․ պարզ չի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու
copy image url

Իրավասու մարմինը դեռ չի պատասխանել ՄԻՊ-ին․ պարզ չի, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու

Ներքին 1 տարի առաջ - 22:38 29-11-2023
Վերջին շրջանում պաշտպանի աշխատակազմում ստացվել են բողոքներ և ահազանգներ՝ հավաքների ընթացքում անձանց իրավունքների ոչ համաչափ սահմանափակումների վերաբերյալ:

Ահազանգերը վերաբերել են հավաքի անցկացման վայրում հավաքի մասնակից անձանց կողմից վրան տեղադրել թույլ չտալուն ուղղված ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների գործողություններին։ Նման բողոքներ հավաքի մասնակիցները ներկայացրել են Պաշտպանի ներկայացուցիչներին հավաքի անցկացման վայրում և ոստիկանության ստորաբաժանումներում արագ արձագանքման այցերի ժամանակ:

Արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողները թույլ չեն տվել վրանի տեղադրումը, իսկ հավաքի մասնակիցների նկատմամբ նախաձեռնվել են վարչական վարույթներ, անձինք ենթարկվել են վարչական ձերբակալման և տվյալ վարույթի շրջանակում վրանները վերցվել ու պահվել են վարույթն իրականացնող մարմնում։

Oragir.News-ին ՄԻՊ-ի աշխատակազմից փոխանցեցին․ «Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 28-ին կայացվել է քաղաքացիների հավաքների ազատության իրավունքի խախտման առկայության մասին որոշում: Այդ որոշմամբ Պաշտպանն անդրադարձ է կատարել ինչպես ներպետական, այնպես էլ ՄԻԵԴ իրավաբանությամբ ձևավորված չափանիշներին, համաձայն որոնց՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունը գնահատման է ենթակա յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում՝ հավաքի անցկացման վրա ազդող հանգամանքների օբյեկտիվ և մանրամասն վերլուծության արդյունքում:

Պաշտպանն արձանագրել է, որ 2023 թվականի օգոստոսի 16-ին և հաջորդած օրերին Մ. Մանուշյանի անվան պուրակում տեղի ունեցած հավաքի ընթացքում վրան տեղադրելը խոչընդոտելուն ուղղված Ոստիկանության ծառայողների գործողությունները չեն համապատասխանել մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշներին: Պաշտպանի որոշումը և դրանում ներկայացված առաջարկները ուղարկվել են ՀՀ ներքին գործերի նախարարին։

Համաձայն «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը, դրա պաշտոնատար անձը կամ կազմակերպությունը, որոնք ստացել են խախտման մասին Պաշտպանի որոշումը, պարտավոր են այն ստանալու օրվանից հնարավորինս շուտ, սակայն ոչ ուշ, քան երեսնօրյա ժամկետում ձեռնարկված միջոցառումների մասին գրավոր հայտնել Պաշտպանին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ իրավասու մարմնից ձեռնարկված միջոցների վերաբերյալ դեռևս պատասխան չի ստացվել, ուստի ներկայացված առաջարկների իրագործման վերաբերյալ Ձեր կողմից ներկայացված հարցադրմանը հնարավոր կլինի անդրադառնալ այն ստանալուց հետո միայն»:

Պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ խաղաղ հավաքների ազատության իրավունքը ՀՀ օրենսդրությամբ, միջազգային-իրավական փաստաթղթերով և պրակտիկայով ամրագրված և պաշտպանվող կարևորագույն հիմնական իրավունքներից է: Ընդ որում՝ միջազգային իրավաբանության համաձայն՝ այն իր մեջ ներառում է նաև բացօթյա տարածքներում ժամանակավոր շինություններ կամ վրաններ տեղադրելու հնարավորությունը: Ինչպես ՀՀ օրենսդրության, այնպես էլ միջազգային իրավաբանության համաձայն՝ հավաքների ազատության իրավունքը (այդ թվում՝ հավաքի ընթացքում ժամանակավոր շինություններ կամ վրան տեղադրելու հնարավորությունը) կարող է սահմանափակվել, սակայն դա կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ իրավական չափանիշների պահպանմամբ: Մասնավորապես, նման սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով, հետապնդեն իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում: Ընդ որում՝ այս համատեքստում առանցքային նշանակություն ունի համաչափության սկզբունքի պահպանումը, համաձայն որի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:

Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս, օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում