Ընկերներիս գերեզմանները մնացին Արցախում․ նույնիսկ շիրիմներին ծաղիկ դնել ու խունկ ծխել չեմ կարող․ արցախցի
copy image url

Ընկերներիս գերեզմանները մնացին Արցախում․ նույնիսկ շիրիմներին ծաղիկ դնել ու խունկ ծխել չեմ կարող․ արցախցի

Ներքին 1 տարի առաջ - 19:29 24-11-2023
«Արցախից դուրս ենք եկել սեպտեմբերի 24-ին, իսկ մինչ այդ ականատես եմ եղել այնպիսի դժոխային իրադարձությունների, որոնք ոչ մի գրքում կամ ֆիլմում չէիր հանդիպի»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է արցախցի Արմեն Հովսեփյանը, ում խոսքով՝ բարդ էր հաղթահարել Հակարիի կամուրջն անցնելը, որովհետև անցնում էին 4 կողմից շրջապատված և զինված թշնամիների կողքով, որոնք հայհոյում կամ ծաղրում էին բոլորին։



Արմենը մասնագիտությամբ պատմաբան է, աշխատում էր Ստեփանակերտի համար 12 դպրոցում որպես ուսուցիչ։ Կոռնիձորն անցնելուց անմիջապես հետո սկսել է փնտրել իր աշակերտներին ու բոլոր նրանց, որոնց հետ կապի մեջ էր մինչ բռնի տեղահանումը։ Երևան տեղափոխվելու հաջորդ օրը նա միացել է դերասանուհի Անաիս Սարդարյանի կամավորական խմբին, որտեղ, ինչպես ինքն է ասում, ձեռք է բերել նոր ընկերներ, ճանաչել հայի իսկական տեսակին։



«Կամավորական աշխատանքների ժամանակ վերջին օրերին ես էլ էի գրանցումներ կատարում, և մի անագամ հերթական անուններն եմ կարդում, որ մարդկանց օգնությունները բաժանենք, ու այդ ժամանակ մարդկանց բազմության միջից մեկը սկսեց կանչել. «Ընկեր Հովսեփյան, բարև Ձեզ»։ Այդ պահը շատ հուզիչ էր, քանի որ սեպտեմբերի 19-ից հետո ինձ ոչ ոք այդպես չէր դիմել»,- հուզմունքով հիշում է Արմենը, ով այսօր մշտապես կապի մեջ է իր աշակերտների հետ։



Օրերս էլ իր աշակերտների հետ նա այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, փորձել հուզող հարցերի պատասխանները գտնել տղաների մոտ։



«Դժվար է նաև այն առումով, որ ընկերներիս գերեզմանները մնացին Արցախում և նույնիսկ նրանց շիրիմներին ծաղիկ դնել ու խունկ ծխել չեմ կարող, բայց նրանք մեր սրտերում են։ Այսօր ինչքան էլ դժվար լինի, փորձում եմ հաստատուն քայլերով առաջ գնալ, անել ամեն հնարավորը հայրենիքս շենացնելու համար՝ մտքումս ունենալով Արցախ վերադառնալու հավատը»,- ասում է Արմենը։



Ամենից շատ դիտված