«Վերջին տարիներին մենք ապրում ենք քաոսի և իրավական ամենաթողության պայմաններում։ Իշխող վարչախումբը, որը ցավոք այսօր ներկայացված չէ այս դահլիճում, թեև առերևույթ իշխանության է եկել ժողովրդավարական ճանապարհով, սակայն իր գործողություններով շարունակաբար ժողովրդավարության բուն հիմքերն է ոտնահարում»,- այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։
«Կլինի դա իշխանության տարանջատման հարցերում, դատական համակարգի անկախության հարցերում, մարդու իրավունքների պաշտպանության, թե նմանատիպ այլ հարցերում գործող իշխանությունը փորձում է իրեն վեր դասել Սահմանադրությունից և օրենքներից և իր կամքը պարտադրել մեր պետությանն ու քաղաքացիներին, ըստ էության իրեն փոխարինելով պետության հետ»,- ասաց Չալաբյանը։
Նրա խոսքով՝ առավել աղետալին Սահմանադրության բուն հիմքերի և Անկախության հռչակագրում ամրագրած հիմնարար ազգային նպատակների շարունակական ոտնահարումն է, ներառյալ՝ ողջ հայության ազգային պետության կառուցման, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերում։
«Իշխող վարչակարգը, որպեսզի քողարկի իր ձախողումները, ըստ էության հրաժարվել է մեր անկախության և սահմանադրական կարգի այս հիմնաքարերից՝ չունենալով սակայն դրա հանրային մանդատը, և փաստացի բռնանալով սեփական քաղաքացիների հավաքական քաղաքական կամքի վրա՝ ներառյալ նաև այն քաղաքացիների, որոնք քվեարկել են իրեն իշխանության բերելու համար։
Արդյունքում այսօր ունենք մի իրավիճակ, երբ իշխող վարչակարգի վարած քաղաքականությունը բերել է Արցախի հայաթափմանը և նրա տասնամյակներով ձևավորված պետական կառույցի փաստացի կազմալուծմանը․․․»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում