Տևական ժամանակ է, ինչ հայ-ռուսական հարաբերություններում առկա են լարվածության նկատելի միտումներ, որոնք արդեն դրսևորվում են երկու երկրների պաշտոնյաների հրապարակային խոսքում՝ վիրավորանքների և սպառնալիքների տեսքով։ Նախօրեին ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել էր Ուկրաինայի հետ՝ նշելով, որ երկու աթոռի վրա նստելու փորձերը երբեք
լավ բանի չեն հանգեցրել։
Բացի այդ՝ պաշտոնական Երևանն ամենաբարձր մակարդակով բոյկոտում է ՌԴ-ի առաջնորդած կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող բանակցությունները, չնայած վստահեցնում է, որ
մտադրություն չունի լքել այս կազմակերպությունները։ Սա նույնպես առաջացնում է ռուսական կողմի դժգոհությունը, որը շատ հաճախ դրսևորվում է տարբեր պաշտոնյաների՝ այդ թվում ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարություններում։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը նշեց, որ սրանք ռուսական կողմի հերթական սպառնալիքներն են։ Նրա համոզմամբ՝ առհասարակ Ռուսաստանի որևէ պաշտոնյայի կողմից Հայաստանի համեմատությունն Ուկրաինայի հետ նշանակում է, որ մենք կարող ենք բախվել այն նույն սպառնալիքներին, որոնք առկա են Ուկրաինայի նկատմամբ։
«Այսինքն, եթե դուք գնում եք Արևմուտք, ապա կարող եք հայտնվել Ուկրաինայի իրավիճակում՝ ձեր երկիրը կարող է մասնատվել։ Ոչ միայն Զախարովայի, այլ նաև մյուս պաշտոնյաների հայտարարություններում առկա է մոտավորապես այս տրամաբանությունը»,- կարծում է նա։
Անդրադառնալով երկու աթոռի վրա նստելու վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը և դրա հետևանքով ակնկալվող «պատժիչ գործողություններ» ձեռնարկելու հնարավորություններին՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ պատժելու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն, քանի որ Հայաստանը վաղուց արդեն երկու աթոռի վրա չէ։ Նա ընդգծեց՝ փաստ է, որ Ռուսաստանը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը՝ ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում։
«1997 թվականի հայ-ռուսական մեծ պայմանագիրը դարձել է ռուդիմենտ, որն այլևս չի գործում։ 1992 թվականի ՀԱՊԿ-ի պայմանագիրը նույնպես ռուդիմենտ է, այն չի գործում։ Եթե այդ պայմանագրերը Հայաստանի անվտանգությունը չեն ապահովում, ՀՀ-ն էլ լավ կյանքից չէ, որ փորձում է որոշակի անվտանգային երաշխիքներ ստանալ, այդ թվում՝ նաև Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելով և պաշտպանական ոլորտում համագործակցությունը դիվերսիֆիկացնելով, ապա նշանակում է, որ ՀՀ-ն մեկ աթոռի վրա է։ Ավելին՝ փորձում ենք մեկ աթոռի վրա նստել, իսկ Ռուսաստանը՝ որպես անվտանգային համակարգ, այստեղ գոյություն չունի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է տնտեսական ոլորտին, քաղաքագետը նշում է, որ ՌԴ-ն մեզ գազ է վաճառում, իսկ եթե վերջինս փակի այդ գազի խողովակները, ապա կսկսենք Իրանից գազ գնել։ Նա նկատում է, որ այդ գործընթացը կարող է ամիսներ, կամ տարիներ տևել։ Ստեփանյանն այս համատեքստում զուգահեռ անցկացրեց Ուկրաինայի հետ՝ նշելով, որ երբ ռուսական կողմը փակեց գազի խողովակը, կորցրեց ուկրաինական շուկան՝ փոխարենը չստանալով ոչինչ. «Հետևաբար միանշանակ չէ, որ հենց վաղվանից մեր նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կկիրառեն, և դա չի վնասի իրենց։ Այո՛, կկիրառեն և մեր վիճակը ծանր կլինի, բայց վերջում իրենք մեզ կկորցնեն։ Ուստի ես չեմ տեսնում շատ լուրջ հնարավորություններ, որ նրանք այստեղ կհասնեն հաջողության»։
Հարցին, թե ՀՀ-ի պարագայում ուկրաինական սցենարի կրկնությունը իրատեսակա՞ն է, թե՞ սրանք պարզապես սպառնալիքներ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Հայաստանի դեպքում ուկրաինական սցենարը չի կարող գործել, քանի որ, բարեբախտաբար, Ռուսաստանը Հայաստանի հետ չունի ցամաքային սահման։ Նրա համոզմամբ՝ ուկրաինական սցենարը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Վրաստանի կախվածությունն իրենից այնքան մեծացնի, որ առանց այդ երկրին հարցնելու, վերջինիս տարածքով զորքը բերի և մտցնի Հայաստան։
Դավիթ Ստեփանյանը համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի ձևաչափով հանդիպումները բոյկոտելը պարզապես իրողությունների արձանագրումն է։ Նա շեշտում է, որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ այդ ձևաչափերով հանդիպումները Հայաստանին տալիս են 0 դրական օգտակար գործողության գործակից։ «Ավելին ասեմ՝ մինուս են տալիս, որովհետև Արևմուտքում այդ ամենը տեսնում են և հարցնում՝ եթե դուք ՀԱՊԿ-ից ոչ մի անվտանգային երաշխիք, կան անվտանգություն ապահովող գործոններ, ապա ինչո՞ւ եք մնացել այդտեղ, ինչո՞ւ եք մասնակցում այդ նիստերին։ Իսկ այդ դեպքում Արևմուտքը կարող է մեզ մերժել նույն զենքի մատակարարումների մասով և այլն»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ամեն բան շատ ռացիոնալ է և ՀԱՊԿ-ի նիստերին մասնակցությունը բացի բացասական հետևանքներից, որևէ այլ բանի չի կարող հանգեցնել։
Քաղաքագետը հավելեց, որ այս իրավիճակը Ռուսաստանն է ստեղծել՝ վստահություն հայտնելով, որ եթե այդ երկիրն իր պարտականությունները կատարեր, ապա այս իրավիճակը չէր լինի։ Նա ընդգծեց, որ Հայաստանը վաղ թե ուշ այս կազմակերպություններից դուրս է գալու։
«Ես չեմ կարող ասել, թե այդ քայլը երբ կլինի, սակայն վստահ եմ՝ մենք դուրս ենք գալու և՛ ՀԱՊԿ-ից, և՛ ԱՊՀ-ից։ Իսկ թե երբ է դա տեղի ունենալու, կախված է ոչ միայն մեզանից, այլ նաև բազմաթիվ այլ գործոններից։ Անհրաժեշտ է տեսնել, թե իրավիճակն ինչպես է շրջվելու։ Ներկա պահին, մոտ ապագայում ես այդ հնարավորությունը չեմ տեսնում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան