«Ինձ հետ Արցախից կարողացել եմ բերել միայն մի բուռ հող ու տանս բանալին, հուսամ՝ մի օր տուն եմ դառնալու, ու գտնելու եմ ինձ համար ամենաթանկը՝ հորս գերեզմանը»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Լիլիաննա Ավագյանը։
2021 թվականի նոյեմբերի 14-ին են Լիլիաննան ու ամուսինը՝ Արթուրը, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մկրտվել ու իրար երդում տվել։ Ամուսինները խոստացել էին, որ, Աստծո կամքով, նույն օրը պիտի նույն եկեղեցում տեղի ունենա նաև իրենց ապագա զավակի մկրտությունը։ Ցավոք, դա տեղի չունեցավ, որովհետև, իրենց բալիկը բախտ ունեցավ ընդամենը երեք օր գիշերել սեփական հարկի տակ։

«Փոքրիկս իր տանը գիշերեց ընդամենը 3 օր։ Այն ապրումներն ու դժվարությունները, որ կրեցի հղիությանս ընթացքում, աննկարագրելի են»,- ասում է մեր զրուցակիցը, ում խոսքով՝ շրջափակումը հաղթահարելն իր համար, թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես շատ ծանր է եղել։
«Իմ կյանքի ամենասիրուն ու ամենասպասված փուլում սկսվեց շրջափակումը՝ իր հետ բերելով անհաղթահարելի դժվարություններ, որոնք բոլորս հաղթահարեցինք, որովհետև մեծ էր ցանկությունը մեր հայրենիքում մնալու։ Խանութները փակ էին, հնարավոր չէր գտնել ոչ անհրաժեշտ սնունդ, ոչ հիգիենայի պարագաներ: Գազամատակարարում չկար, պարբերաբար հովհարային անջատումներն էին, մի կտոր սև հացի համար անվերջանալի հերթեր, չկար վառելիք՝ ծննդատուն ստուգման գնալու համար, իսկ մեր տունը բավականին հեռու էր ծննդատնից: Ստիպված ոտքով էի կիլոմետրեր քայլում, հասնում հիվանդանոց»,- հիշում է արցախցի կինը, ում խոսքով՝ բլոկադայի օրերի միակ լավ հիշողությունն այն է, որ մարդկանց մեջ կրկին արթնացել էր մեկը մյուսին օգնելու, մեկը մյուսի ցավով ապրելու բնազդը։
«Այդ նեղ օրերին բոլորս մի ընտանիք էինք, իրար հետ կիսում էինք մեր ունեցածը: Վերջին օրերին անգամ ալյուր չկար, բայց գյուղերից մարդիկ ցորեն էին հավաքում, ալրաղացում ալյուր ստանում և սև հաց թխում: Ծանր էին օրերը, բայց գոնե գիտեինք, որ մեր տանն էինք, մեր պապենական Արցախում»,- ասում է Լիլիաննան։

Արցախցի ընտանիքն այսօր բնակվում է Արարատի մարզի Մասիս համայնքում։ Ի դեպ, օրերս Մասիսում մկրտված 140 արցախցիների հետ մկրտվեց նաև Լիլիաննայի դուստրը՝ փոքրիկ Ելենան։
«Ուղիղ 2 տարի անց մեր մկրտության օրը մկրտվեց մեր դուստրը։ Երևի Աստծո կամքն էր, որ այդպես ստացվեց․․․ դուստրս մկրտվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում»,- ասում է Լիլիաննան, ում հոգում դաջվել են այն ծանր ապրումները, երբ պատերազմի օրերին ոչ ոք ոչ ոքից լուր չուներ․
«Ականջներումս դեռևս պատերազմի ձայներն են ու մի դրվագ, որ չեմ կարողանում մոռանալ։ Նկուղում կողքիս նստած երեխայի հուզումնախառը հարցումներն էր մորը՝ «Մամ՛, պապան կգա՞…»»։