Քասախում կեղտաջուրը լցվել է բնակիչների ավտոտնակները. ավագանու անդամն ահազանգում է
copy image url

Քասախում կեղտաջուրը լցվել է բնակիչների ավտոտնակները. ավագանու անդամն ահազանգում է

Ներքին 1 տարի առաջ - 19:39 15-11-2023
Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու անդամ Մարգարիտա Պետրոսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում համայնքին առնչվող խնդրի մասին էր բարձրաձայնել, ապա նշել, որ ՔՊ-ական պաշտոնյաները խնդրին լուծում տալու փոխարեն քաղաքական երանգներ են տվել։

«Այս անգամ աչքի է ընկել վաստակաշատ ուսապարկ, Նիկոլի աջ կամ ձախ ձեռք Ղազար Ղազարյանի եղբայրը` Վահե Ղազարյանը, ով Քասախում զբաղվում է կոմունալ ծառայություններով»,- գրել էր ավագանու անդամը։

Մարգարիտա Պետրոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 2 շաբաթ է՝ կոյուղատար խողովակը պայթել է, կեղտաջուրը լցվել է բնակիչների ավտոտնակները, իսկ ահազանգերին հետամուտ չլինող Վահե Ղազարյանը բնակիչներից մեկի այն խոսքին, թե վերջինս ստիպված կլինի դիմել համայնքապետարան, պատասխանել է՝ «տո ում ուզում ես զանգի, ասա»։

«2021 թվականի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն և իր առաջադրած թեկնածուն պարտվեցին իմ կուսակցությանը, բայց իրենց սովորության համաձայն՝ զանգերով, սպառնալիքներով Քասախի վարչական ղեկավար նշանակվեց Արտակ Թամասյանը։ Քասախ վարչական բնակավայրում մինչ օրս ինչ լինում է, ով ինչով դիմում է, Համասյանը ասում է․ «Ես պարզապես վարչական ղեկավար եմ, ոչնչով չեմ կարող օգնել, դիմեք Նաիրիի համայնքապետարան»:

Այս հարցով էլ քաղաքացիները աջակցություն չստանալով՝ դիմեցին համայնքապետարան։ Համայնքապետարանից եկան, իբրև հարցին ժամանակավոր լուծում տվեցին․ պարզապես կոյուղաջրերի հոսքը փոխեցին՝ շրջանցելով ավտոտնակները։ Այժմ կոյուղին թափվում է հարակից ձորը»։

Ըստ Մարգարիտա Պետրոսյանի՝ սա համայնքում միակ խնդիրը չէ․ «Այստեղ մի տնակ կա, չգիտենք՝ ումն է, ամբողջովին աղբով է լցված։ Զանգեցի Քասախի վարչական շրջանի կոմունալ բաժնի աշխատակցին, ով նախ չէր ճանաչում իրենց ավագանու անդամին կամ չէր ուզում ճանաչել (գուցե այդպես հարմար է ապրել) և հետո ինչ խնդիր էլ բարձրացնում ենք, չեն կարողանում այդ խնդիրները լուծել, դրա համար էլ ստիպված դիմում ենք համայնքապետին։ Ու առհասարակ այսքան ժամանակ Քասախում ինչ արվել է, արվել է միայն պարոն Սարգսյանի հանձարարականով։ Երևի սովոր են, որ միշտ վերադասը հանձնարարի, այնինչ կարելի է ականջալուր լինել թե՛ ավագանու, թե՛ հասարակ բնակչի հորդորներին։ Ու թող հետագայում նրանցիվ ոչ մեկը չասի, թե չենք համագործակցում իրենց հետ, որովհետև, խնդրեմ, պարզ օրինակ, փորձեցի նրանց խնդրի մասին տեղյակ պահել, այնինչ ստացա կոպիտ պատասխան»։