Զինծառայությունից կաշառքով ազատվելն օրինականացնելու հերթական փորձը
copy image url

Զինծառայությունից կաշառքով ազատվելն օրինականացնելու հերթական փորձը

Ներքին 1 տարի առաջ - 13:05 15-11-2023
Պարտադիր զինվորական ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից անհիմն խուսափելն օրինականացնելու փորձը եթե ոչ անբարո, ապա առնվազն անազնիվ վերաբերմունք է ծառայածների, հատկապես զոհվածների հիշատակի նկատմամբ։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են 2 տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի ժամկետով և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ չծառայելու դիմաց:

Նախաձեռնությունը տրամաբանական հակասության մեջ է պարտադիր զինծառայություն սահմանող օրենքի հետ։ Կարելի է ենթադրել, որ ներկա իշխանությունները նպատակ են հետապնդում վերացնել պարտադիր զինծառայությունը։ Չբարեկամներով շրջապատված պետության համար սա վտանգավոր է, քանի որ ուղղակի խրախուսում է դասալքությունը և զինծառայությունից խուսափելը։
Գաղտնիք չէ, որ ՔՊ-ականների շարքերում շատ են բանակում չծառայածները, ինչի համար պարբերաբար արժանանում են հանրային ամոթանքի։ Այս առումով՝ ենթադրելի է, որ ՔՊ-ականների՝ բանակում չծառայելն օրինականացնելու նախագիծը այդ ամոթանքը հակադարձելու և ՔՊ-ն չծառայած նոր անդամներով համալրելուն ուղղված ռազմավարական քայլ է։

Ի վերջո՝ նախաձեռնությունն օրինականացնում է փողով բանակից ազատվելը, որը մինչ օրս համարվում է հանցագործություն։ Պատժի ենթակա են և՛ բանակից ազատվելու համար կաշառք վերցնողները, և՛ տվողները։ Իսկ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը ի տես աշխարհի ցույց է տալիս, որ կոռուպցիայի դեմ պայքարի դրոշով իշխանության եկած հեղափոխական թիմը չի խորշում բյուջեն լցնելու միջոցների անմաքրությունից, մասնավորապես՝ կոռուպցիան օրինականացնելուց։