Չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, տևական ժամանակ է, ինչ մեր երկրում բենզինի և հեղուկ գազի շուկայում ամենաթողություն է տիրում, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժովին չի հաջողվում կարգավորել բենզինի և հեղուկ գազի գները։
Այսօր արդեն բենզինի գինը դարձել է 580 դրամ, իսկ հեղուկ գազինը՝ տատանվում է 210-240 դրամի սահմաններում։ Այս թանկացումներն առաջացրել են բազմաթիվ վարորդների դժգոհությունը, ովքեր իրենց չեն կարող թույլ տան նման արժեքով վառելիք ձեռք բերել։
Հատկանշական է նաև, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բենզինի մեկ լիտրն ամենաթանկը վաճառվում է Հայաստանում։ Մեր երկրում մեկ լիտր բենզինի միջինացված արժեքը ըստ տեսակների տատանվել է 510-540 դրամի սահմաններում, մինչդեռ Բելառուսում այն կազմել է 259-270 դրամ, Ղախստանում՝ 162-234, Ղրղստանում՝ 250-308, իսկ ՌԴ-ում՝ 197-239 դրամ։
Բացի այդ կազմակերպության անդամ չհանդիսացող Տաջիկստանում բենզինի միջինացված գինը կազմել է 385-411, իսկ Ուզբեկստանում՝ 316-376 դրամ, որոնք նույնպես անհամեմատ ավելի մատչելի են Հայաստանում առկա գներից։
Այսպիսով՝ Հայաստանում բենզինը միջինում երկու անգամ ավելի թանկ է վաճառվում, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում վառելիքի շուկայում առկա գները և ԱԺ ամբիոնից պատկերավոր համեմատություններ անում, այն դեպքում, երբ այն ժամանակվա գներն ավելի էժան էին։ Դժվար է ասել, թե այս իրավիճակում ի՞նչ խորհուրդ կտար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վառելիքի գնաճից դժգոհ վարորդներին, քանի 2018 թվականի մայիսի 8-ից հետո վերջինս այլևս օբյեկտիվ քննադատություններով հանդես չի գալիս։