Վերջին շրջանում Հայաստանում մեծ պահանջարկ ունեն օնլայն գնումների հարթակները, որոնք շուկայականից ավելի մատչելի գներով են ապրանքներ առաջարկում։ Այդ կայքերից մեկն էլ Wildberries-նէ, որում շատ հաճախ ներկայացվում են հայկական բրենդների ապրանքները ավելի ցածր գներով քան Հայաստանի վաճառասրահներում։
Oragir.News-ը համեմատություն անցկացրեց հայկական «Սալի» բրենդի նույնանուն ապրանքների միջև, որոնք վաճառվում են և՛ Հայաստանում և՛ Wildberries առցանց խանութում և գտավ մի շարք գնային տարբերություններ։
Օրինակ՝ Սալիի պաշտոնական կայքում սպորտային կոշիկներից մեկը վաճառվում է 22․900 դրամով, իսկ Wildberries-ում նույն ապրանքը վաճառվում է 11․350 դրամով՝ կես գնով։

Oragir.News-ը կապ հաստատեց «Սալի» բրենդի մարկետինգի բաժին, որտեղից պատասխանեցին․
«Նույնանուն ապրանքները, որոնք Վայլդբերիզ կայքում վաճառվում են ավելի ցածր գներով, ներմուծված են, և պատկանում են Zenni բրենդին։ Հայկական ապրանքների մեջ էլ կա տարբերություն՝ 2000-3000 դրամի, ժամանակ առ ժամանակ կամ Wildberries-ում է էժան, կամ Հայաստանում։ Դա էլ կախված է, թե այդ պահին որտեղ են ակցիաներ գործում»։


Ճշտող հարցին՝ ինչու է ռուսական հասցեով ապրանքների գինը տարբերվում հայկական գներից, պատասխանեցին։
«Դա Wildberries-ի քաղաքականության արդյունքն է, որի դեմ մենք ոչինչ չենք կարող անել։ Ռուսաստանի օգտատերերին տրվում է 28% զեղչ բոլոր ապրանքների համար։ Այսինքն՝ մեր վերջնական գնից հանվում է ևս 28%։ Բացի այդ, մենք Հայաստանում ապրանքները վաճառում ենք վարձակալած տարածքներում, ինչը իրենից ենթադրում է ինքնարժեքի բարձրացում։ Վայլդբերիզը նման է մեկ աստղանի հյուրանոցի, որտեղ չկա սպասարկում, իսկ մեր խանութները հինգ աստղանի հյուրանոցի են նման, որտեղ կատարվում է բարեհամբույր սպասարկում»։
