Վիդեոներով տեսա, որ թուրքը տանս մեջ էր. Արցախից բռնի տեղահանված 8 երեխաների մայր 
copy image url

Վիդեոներով տեսա, որ թուրքը տանս մեջ էր. Արցախից բռնի տեղահանված 8 երեխաների մայր 

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:25 08-11-2023
Մկրտչյանների 11 հոգանոց ընտանիքը Արցախի Քաշաթաղի շրջանի Փակահան գյուղից է բռնի տեղահանվել։
Մկրտչյանները արմատներով Շիրակի մարզից են, 90-ականներին էին վերաբնակվել Արցախում։ Մկրտչյանները 8 զավակ ունեն, մեծը 18 տարեկան է, իսկ փոքրը՝ 3, պատերազմից հետո է ծնվել։



Oragir.News-ի հետ զրույցում Մարիամ Մկրտչյանը կարոտով ու մեծ ցավով էր հիշում Արցախում ապրած տարիները:

«23 տարի Արցախում ենք ապրել, էն ժամանակ, որ գնացինք Արցախ ոչ մի բան չկար, կարելի է ասել, որ զրոյից տունուտեղ ենք ստեղծել, դառը քրտինքով ու մեծ դժվարությամբ։ Ամուսինս էլեկտրիկ էր աշխատում, ձեռքի հետ էլ գյուղատնտեսական աշխատանքներ էր անում, ես էլ հա՛մ օգնում էի ամուսնուս, հա՛մ երեխեքիս դաստիարակում։ Արցախում շատ էին մեզ նման ընտանիքները, որ շատ երեխաներ ունեն։ Մենք ճիշտ է՝ ծնունդով Շիրակի մարզից ենք, բայց մեր սիրտը, կյանքը Արցախում է։ Թաց աչքերով ու չուզելով եմ դուրս եկել տնիցս։ Վիդեոներով տեսա, որ թուրքը տանս մեջ էր, որ իմանամ հնարավոր է վերադառնալ մեր տուն, Շիրակի մարզից ոտքով էլ կգնամ Արցախ։ Գիտեք ինչն է դժվար, դուրս գալուց անգամ ձեռքս վրա չգնաց տունս վառեի, չարչարանքով եմ քարը դրել քարին։ Մեզ էս բանից ենք զրկել, հեռուստացույց ենք առել, էն մի բանից ենք կտրել կահույք ենք առել... ախ, սիրտս ցավում է, դուռս փակել, առանց հետ նայելու դուրս ենք եկել»,- պատմում է Արցախից տեղահանված կինը։

Տիկին Մարիամն ասում է՝ այն ինչ իրենք են տեսել, ինչի միջով անցել են, իսկական քաոս էր, անվերջանալի ու անորոշ։ Հիմա դարձյալ հայրենի Շիրակում են, բայց մտքով Արցախի իրենց տանը, երբ Արցախը հայկական էր, իրենց տան պատշգամբից հիանում էին Արցախի կուսական անտառներով ու անառիկ լեռներով։ Հիմա հուշերով են ապրում, կարոտն առնում Արցախից իրենց հետ բերած նկարներով, որոնք թանկ հիշողություններ են։

«Ահավոր դժվար է, սա անբացատրելի ցավ է, գիտեք ինչեր ենք թողել, չեմ ուզում վերհիշել այդ մղձավանջը։ Գերեզմաններ, վանքեր, սրբատեղիներ, ամեն ինչ մնաց թուրքին։ Թռավ Արցախը, թռավ մեր ձեռքից»,- եզրափակեց Արցախից բռնի տեղահանված Մարինե Մկրտչյանը։

Ամենից շատ դիտված