75-ամյա Լարիսա Բալասանյանի ընտանիքը հոկտեմբերի 5-ին Արցախից բռնի տեղահանվեց։ Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից են։ Տիկին Լարիսան զրույցը Ղազարոս Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունով է սկսում.
Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛ւ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
«1992 թվականին կռիվը որ սկսվեց, մենք տեղահանվեցինք, հետո նորից տունուտեղ դրեցինք, 4 երեխա եմ պահել-մեծացրել։ Հետո 2016-ին պատերազմ սկսվեց, էդ ժամանակ մնացինք։ 44-օրյայի ժամանակ էլ տեղահանվեցինք, էդ ժամանակ եկանք Աբովյանի շրջանի Բալահովիտ գյուղը»,-
Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Լարիսա Բալասանյանը։
Տարեց կինն ասում է՝ էս վերջին պատերազմը, բոլոր պատերազմներից ամենադաժանն էր։ 10 ամիս սոված պահելուց հետո հարձակվեցին հյուծված արցախցիների վրա։
«Ես իմ տունը թողել եմ ու եկել, բայց էլի փառք Աստծո, որ երեխեքիս բան չեղավ։ Աչքս շատ բան չտեսավ, չոր աչքով կմեռնեմ։ 2020 թվականին մեզ վրա ֆոսֆոր էին թափում, իսկ էս 23 թվինը մի օրում, մի ժամում ռմբակոծեցին ամբողջ քաղաքը։ Էս պատերազմը չուներ նախորդ պատերազմների ուժը, էս պատերազմը ահավոր էր։ Հարևանի գարաժի յամկայի մեջ էինք, 5 րոպե դադար եղավ, թոռիս հետ վազելով փախանք դպրոցի նկուղը»,- հիշում է տիկին Լաուրան։
Մանրամասները՝ տեսանյութում։