Վերջին շրջանում Հայաստան ներկրված հագուստների և կոշիկների վրա հաճախ կարելի է հանդիպել խաչեր։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի նախկին տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն
Oragir.News-ի հետ զրույցում անընդունելի է որակել նման իրերի կրումը։
«Քանի որ Խաչը մեզ համար փրկության խորհրդանիշ է, ուստի յուրահատուկ հարգանքի է արժանի։ Պետք է շատ զգույշ լինել և հասկանալ, թե որտեղ ենք խաչն օգտագործում։ Հիմնականում, պատառոտված զգեստները, որոնց վրա խաչեր կան, գալիս են Թուրքիայից, նաև կոշիկների տակ են խաչեր նկարում, որով անուղղակի ստիպում են մեզ՝ անարգել խաչը»,- ասաց Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը։
Ինչ վերաբերում է մկրտության համար նախատեսված զգեսների վրա արված խաչերին, Տեր հայրը ընդունելի է համարում, քանի որ այն պահվում է որպես սրբություն։
«Անընդունելի է նաև, երբ մկրտության համար նախատեսված տորթի վրա են խաչ անում և հետո կտրում։ Եկեղեցին չի ընդունում նաև մարմնի տարբեր մասերին՝ Քրիստոսի, խաչի նկարներով դաջվածքները։ Իհարկե, մեր հանրությանը թվում է, թե դրանով ցույց են տալիս իրենց քրիստոնյա լինելը, մինչդեռ Աստված ավելի շատ պահպանում է, երբ հարգանքով ենք մոտենում խաչին»։