Օրերս Սամվել Բաբայանը CivilNet-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել էր «Արցախի փրկության» իր երբեմնի ծրագրին, որը, ինչպես գիտենք, նախատեսում էր Ադրբեջանի կազմում առավելագույնը ինքնավարության կարգավիճակին նմանվող մի վիճակ։
Ըստ Բաբայանի, իրեն լիազորություններ (այն է՝ բարձր պաշտոն) տալու դեպքում նա կարող էր հասնել Ադրբեջանի կազմում Արցախի հայկական գոյության ապահովմանը։
Հոկտեմբերի 28-ին Արցախի հանրային հեռուստատեսության հեռարձակած հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ի թիվս իրեն տրված հարցերի պատասխանների, անդրադարձ կատարեց նաև Բաբայանի կողմից շրջանառվող այդ ծրագրին և դրա իրականացմանն ուղղված քայլերին։ Շահրամանյանը նշեց, որ ինչքանով իրեն էր ընկալելի՝ Բաբայանը ծրագիր, որպես այդպիսին, չի ներկայացրել ոչ ոքի, այդ թվում՝ իրեն։ Եվ, նաև, Բաբայանն Արցախի իշխանության կողմից լիազորված չէր՝ բանակցելու ադրբեջանցիների հետ։ Ավելին, Շահրամանյանը պարզաբանեց, որ ադրբեջանական կողմի հետ կրակի դադարեցմանը վերաբերող իր շփումներում նա արծարծել էր Սամվել Բաբայանի կամ Վիտալի Բալասանյանի թեկնածությունները՝ որպես Արցախը ներկայացնող գործիչների՝ ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակներ, և ստացել Ադրբեջանի մերժողական պատասխանը։
Բաբայանը, վերը նշված հարցազրույցում անդրադառնալով Արցախում իրեն պաշտոն չտալուն, նաև պոստ-ֆակտում կրկնեց Շահրամանյանի թեկնածության սխալ լինելու իր տեսակետը։ Այս առումով հարկ է նշել, որ նախքան սեպտեմբերի 9-ին անցկացվելիք ԱԺ հատուկ նիստը՝ Արցախի իշխանության ներկայացուցիչները մասնակցել էին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի, որտեղ քննարկվել էր Ադրբեջանի ներկայացրած վերջնագիրը՝ Արցախի նախագահ ընտրելու դեպքում պատերազմ սկսելու մասին։
Այդ նիստին մասնակցող բոլորը, այդ թվում՝ Բաբայանի գլխավորած կուսակցության ներկայացուցիչները, միաբերան կողմ էին արտահայտվել նախագահի ընտրության անցկացմանը։
Այստեղից հետևություն՝ կա՛մ Բաբայանի կուսակիցներն են որոշել (գոնե այդ օրը) չզեկուցել իրենց վերադասին իշխանական շրջանակներում կատարվող խմորումների մասին, ինչն այդ կառույցի դեպքում անհավանական բան է՝ հաշվի առնելով Բաբայանի միանձնյա կառավարումը, կա՛մ պարոն Բաբայանն է սովորություն դարձրել մեկնաբանել անցյալ-գնացյալ բաները յուրովի՝ ներկայանալով որպես մարգարե, որի ճշգրիտ կանխատեսումները տգիտաբար կամ սրիկայաբար չեն ընդունվում։