Պարոն Միրզոյան, ես դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ․ Գեղամ Մանուկյան

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:37 25-10-2023
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ ՊՆ հարցում է ուղարկել ու հոկտեմբերի 2-ից պատասխան չի ստացել, հարցում է ուղարկել նաև ԱԳՆ, սակայն պատասխանները գոհացնող չեն։

«Նշել ենք, որ հոկտեմբերի 4-ի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք հանդիպմանը ստորագրել փաստաթուղթ, մասնավորապես, ասելով, որ ցավում է, որ հանդիպումը տեղի չի ունենա, բայց հույս ունի, որ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ ԱԳ նախարարին դիմել ենք, խնդրելով տալ հնարավորություն ծանոթանալ այդ փաստաթղթին, այսօր պատասխան ստացանք, որտեղ ասվում է՝ Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստը ամբողջությամբ արտացոլում է ձեր կողմից նշված փաստաթղթի նախատեսված դրույթները։ Պարոն Միրզոյան, հարցումը գրողները հայերեն լավ գիտեն, մենք չենք խնդրել ԱԳՆ-ն գնահատի փաստաթղթերը համապատասխանում են, թե ոչ, մենք ցանկանում էինք ծանոթանալ այդ նախագծին»,- ասաց Մանուկյանը։

Արարատ Միրզոյանը խորհուրդ տվեց ընդդիմադիր պատգամավորին նորից ընթերցել ԱԳՆ-ից ուղարկված փաստաթուղթը։

«Պարոն Միրզոյան, ես դատված մարդ եմ, ամեն բառի արժեքը գիտեմ, գիտեմ նաև այդ բոլոր նյուանսները: Մենք չէինք ասել, թե ինչ բովանդակություն է, մենք ասել էինք՝ հնարավորություն տվեք ծանոթանալ այդ նախագծին»,- արձագանքեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։