Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է
Oragir.News-ը, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 23-26-ը Նախիջևանի տարածքում՝ Հայաստանի Հանրապետության հետ սահմանների մոտակայքում, համատեղ զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժություններին տեղի կունենան երկու երկրների ռազմական անձնակազմի, ռազմական տեխնիկայի և ինքնաթիռների մասնակցությամբ։
Oragir.News-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նկատեց, որ սրանք Նախիջևանում անցկացվող ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին զորավարժություններն են լինելու։ Նա հիշեցրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շուրջ 4 տասնյակ զորավարժություններ է անցկացրել՝ հիմնականում Թուրքիայի հետ համատեղ։
Ռազմական փորձագետը կարծում է, որ այս զորավարժությունների ուղերձը մեկն է՝ առայժմ ուժի սպառնալիքի կիրառում, անհրաժեշտության դեպքում՝ ուժի կիրառում՝ առանց սպառնալիքն ի ցույց դնելու։ «Բանակցային գործընթաց է տեղի ունենում, ինչ-որ բան պետք է ստորագրվի, Ադրբեջանը հաղթողի և ուժեղի դիրքերից է խոսում»,- նշեց նա։
Հայկ Նահապետյանն ընդգծեց, որ ցանկացած զորավարժություն նաև խնդիր ունի բարձրացնել զորքերի մարտունակությունը, մասնագիտական պատրաստվածությունը, մարտական ոգին, զորքերի և զորատեսակների ներդաշնակեցումը՝ ինչպես նույն պետության զինված ուժերի ստորաբաժանումների, այնպես էլ այլ պետությունների զինված ուժերի հետ։ Նա ուշադրություն հրավիրեց այն բանին, որ Հայաստանը Ադրբեջանի կողմից անկացվող զորավարժություններին, բանակի մարունակության բարձրացմանը պատասխանում է՝ Եվրոպական խորհրդարանում ճառեր ասելով և հոտնկայս ծափողջույններ կորզելով։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս զորավարժություններից հետո Ադրբեջանը հարձակում իրականացնի Հայաստանի նկատմամբ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀ տարածք ներխուժելը և բնակավայրեր գրավելը գործնականում ագրեսիա է և տարածքի օկուպացիա։ Նրա համոզմամբ՝ եթե Ադրբեջանը նման քայլ ձեռնարկի, ապա առնվազն ձեռնոց կնետի Ռուսաստանի Դաշնությանը, քանի որ Երևանն ու Մոսկվան ունեն պայմանագրային պարտավորություններ․
«Բարձունքներ վերցնելը, որտեղ Ադրբեջանը GPS-ով կարող է համոզել և ապացուցել, որ դրանք նախկինում իրեն են պատկանել մի բան է (օրինակ՝ 2021 թվականի մայիսի 12-ի, նոյեմբերի 16-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի դեպքերը), սակայն բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, եթե տեսականորեն մտնի Հայաստանի Հանրապետության տարածք, ինչ-որ բնակավայրեր վերցնի։ Դրանով Ալիևը նվազագույնը ձեռնոց կնետի Ռուսաստանի Դաշնության նախագահին՝ դրանից բխող հետևանքներով»։
Ռազմական փորձագետը շեշտում է, որ Ալիևը տարածաշրջանային մեծ բախում իրականացնելու որոշում չի կարող կայացնել, քանի որ իրեն նման իրավասություն տրված չէ։ Նրա համոզմամբ՝ այդ գործընթացում առնվազն երկու պետություն ունեն էական դերակատարում՝ Թուրքիան և Մեծ Բրիտանիան, իսկ եթե այս պետությունները նման բախում իրականացնելու որոշում կայացնեն, ապա դրան իր համաձայնությունը պետք է տա նաև ԱՄՆ-ն։ Նահապետյանը նշեց, որ Ալիևին թույլատրված է իշխող ռազմավարական նշանակության բարձունքներ ու մարտական հենակետեր վերցնել, ինչպիսի գործողություններ, ավել կամ պակաս չափով, եղել են նաև 1994-2020 թվականներին հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններին։
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկված հակառուսական քայլերի համատեքստում Նիկոլ Փաշինյանին պատժելու նպատակով ՌԴ-ն թույլ տա Ադրբեջանին ագրեսիա իրականացնել, Հայկ Նահապետյանը պատասխանեց՝ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական ղեկավարություն երբ տեսնում է, որ ռազմավարական դաշնակից պետության ղեկավարը՝ ի դեմս Փաշինյան Նիկոլի, արարքներ է անում, որոնք կսմիթներ անելու փորձեր են (սրանք բոլորն էլ կսմիթներ են՝ ներառյալ Հռոմի ստատուտի վավերացումը, ՀՀ-ում հայ-ամերիկյան զորավարժությունների անցկացումը, նման ելույթներ և հարցազրույցներ, որտեղ թիրախավորվում է ՌԴ-ն և այլն), միջազգային հարաբերություններում նեղացվածության կեցվածք չի դրսևորում և պետական շահերը չի զոհաբերում անձնական զգացմունքներին ու ցանկություններին։ Փորձագետը նշում է, որ եթե Ռուսաստանը նման կերպ վարվեր, ապա ամենակոշտ կեցվածքը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով, կդրսևորեր 2019 թվականից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Երևան ժամանած ՌԴ նախագահին դիմավորեց ոչ թե օդանավակայանում, այլ նախագահական նստավայրում։
«Ռուսաստանի Դաշնության ղեկավարության մոտ, ի տարբերություն Փաշինյանի, պետական շահերը և միջպետական հարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան իրենց անձնական զգացմունքները։ Իսկ Փաշինյանը ամեն ինչ ֆիլտրում է իր հիվանդագին երևակայության, նենգ էության ու վախկոտ անձի ֆիլտրով։ Իր բոլոր գործողությունները ֆիլտրվում են իր մարդկային տկարությունների, թուլությունների, պղծությունների ու այլասերումների ֆիլտրով, իսկ ՌԴ-ի և առհասարակ բոլոր լուրջ պետությունների ղեկավարներն այդ ֆիլտրով չեն նայում»,- նշեց նա։
Հայկ Նահապետյանը նաև հիշեցրեց, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ մոտ 16 հազար տոննա բենզին, 20 հազար տոննա ստանալու խնդրանքով, իսկ ՌԴ-ում մինչ դա օրենք էր ընդունվել, որ այլևս երկրից բենզին և դիզվառելիք չի արտահանվելու, սակայն ՌԴ-ն այդ վառելիքը տրամադրեց։ «Փաշինյանը գնացել էր փախստականների համար եվրոպական երկրներից 100 միլիոն դոլար մուրալու, սակայն օրեր առաջ Սյունիք էր գնացել ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանը և Արցախից տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կարիքների համար Հայաստանը Ռուսաստանից 5 միլիարդ ռուբլի են ստանալու։ Սակայն, ի տարբերություն արևմուտքի, դա չի գովազդվում, սելֆիներ չեն անում, միայն գործնականում օգնում են»։
Ռազմական փորձագետը հավելեց՝ եթե արևմուտքը 1 դոլար տալիս է, 100 դոլարի գովազդ է անում։ Նա ասաց, որ իր էությամբ այդպիսինն է նաև Նիկոլ Փաշինյանը, ուստի պետք չէ այդ անձին համեմատել լուրջ պետությունների լուրջ ղեկավարների հետ։ «Ինչպես ասում են, ինքն իր արշինով ու բարոյական նկարագրի չափորոշիչներով է չափում, իսկ լուրջ երկրներում բոլորովին այլ չափորոշիչներ են գործում»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան