ԵԽ ՄԻ հանձնակատարը Անահիտ Մանասյանի հետ այցելել է Արցախից բռնահանվածների կացարան
copy image url

ԵԽ ՄԻ հանձնակատարը Անահիտ Մանասյանի հետ այցելել է Արցախից բռնահանվածների կացարան

Ներքին 1 տարի առաջ - 22:06 17-10-2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հոկտեմբերի 17-ին համատեղ այց են իրականացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց` Աղավնաձոր բնակավայրում տեղակայված ժամանակավոր կացարան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց կեցության պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական հիգիենայի պարագաների տրամադրման գործընթացները։ Հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված հարցերին։

«Բռնի տեղահանված անձինք Պաշտպանին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին ներկայացրել են իրենց կրած զրկանքները և բռնի տեղահանման արդյունքում առաջացած խնդիրները։

Նրանց կողմից Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված հարցերը տեղում քննարկվել են պատասխանատու աշխատակիցների, այդ թվում՝ բուժաշխատողների հետ։

Այցի արդյունքում Պաշտպանի արձանագրած խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների Պաշտպանի և Պաշտպանի աշխատակազմի այցերը լինելու են շարունակական։

Ամենօրյա ռեժիմով իրականացվում են մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ՝ ապահովելով արձանագրված խնդիրների հասցեավորումն ու լուծումը։

Ամենից շատ դիտված