«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը խնդրահարույց է ամեն առումով։ Բացի բազմաթիվ թերություններից, կա նաև ամենակարևորը՝ մինչ այս՝ Հայաստանում երբեք դպրոցական ծրագրում չեն ներառվել մենագրության ձևաչափով գրված դասագրքեր։ Բոլոր դասագրքերի տարբեր բաժիններ գրվել են տարբեր հեղինակների կողմից։ Պատմաբաններն այդ մոտեցումը ճիշտ են համարում, քանի որ, նրանց խոսքով՝ կան նեղ մասնագիտական նրբություններ, որոնք առավել հաջողված կարելի է ներկայացնել տվյալ ժամանակահատվածը երկար տարիներ ուսումնասիրած պատմաբան-գիտնականների կողմից։
Բացի այդ, նախքան 12-ամյա կրթական ծրագրին անցնելը՝ «Հայոց պատմություն» առարկան անցնում էին հիմնական դպրոցի կրթական ծրագրի 5-ից 8-րդ դասարաններում, սակայն 12-ամյա կրթական ծրագրին անցնելուց հետո «Հայոց պատմություն» առարկան դրվեց հիմնական դպրոցի 6-ից 9-րդ դասարաններում։
Պատմաբան Վանո Կարապետյանը նախկին մոտեցումը ճիշտ է համարում, քանի որ պատմաբան-գիտնականները մարդկության զարգացման պատմությունը բաժանել են 4 հիմնական շրջափուլերի` հին, միջին, նոր և նորագույն։
«Այս շրջափուլային բաժանումը նախկինում հստակ արտացոլված էր նաև հիմնական դպրոցի կրթական ծրագրում։ Այսինքն` 5-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» հին շրջանը, 6-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» միջնադարի շրջանը, 7-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» նոր շրջանը և 8-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» նորագույն շրջանը։ 9-ից 10-րդ դասարանում պարզապես կրկնում էին 5-ից 8-րդ դասարաններում անցածը։ 12-ամյա կրթական ծրագրով նույնպես պահպանվեց այդ մոդելը։ Այսինքն` 6-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» հին շրջանը, 7-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» միջնադարի շրջանը, 8-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» նոր շրջանը և 9-րդ դասարանում անցնում էին «Հայոց պատմության» նորագույն շրջանը։ 10-ից 12-րդ դասարանում պարզապես կրկնում էին 6-ից 9-րդ դասարաններում անցածը։ Բայց այժմ նոր հանրակրթության պետական չափորոշիչների ներդրմամբ դա էլ է փոխվել, և այսուհետ, «Հայոց պատմություն» առարկան անցնելու են հիմնական դպրոցի 7-9-րդ դասարաններում։ Այսինքն` «Հայոց պատմության» հին շրջանը և միջնադարի կեսը դրված է 7-րդ դասարանի դասագրքում (օրինակ` Ս. Հովհաննիսյանի խնդրահարույց դասագիրքը), «Հայոց պատմության» միջնադարի շրջանի կեսը և նոր շրջանը ամբողջությամբ կամ մասնակի կներառվի 8-րդ դասարանի դասագրքում, իսկ «Հայոց պատմության» նոր շրջանի կեսը և նորագույն շրջանը կներառվի 9-րդ դասարանի դասագրքում»,-
Oragir.News-ի հետ զրույցում նշեց պատմաբանը։
Ի դեպ, երբ նայում ենք նախորդ տարիների դասագրքերը, ապա նկատում ենք, որ դասագրքերի հեղինակները մի քանիսն են, խմբագիրները՝ նույնպես, իսկ, թե ինչո՞ւ է Սմբատ Հովհաննիսյանին տրվել պատմիչի դերը, մնում է հարցական։ Հուսանք, դասագրքերի առաջիկա մրցույթներին կմասնակցեն մի քանիսը և այն կկազմեն ամենաքիչը 3 պատմաբան, հեղինակներ ու քարտեզագիր։
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է․
«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ դասագրքերի նոր մրցույթի արդյունքում ունենք ավելի քան 40 տոկոս միջոցների խնայողություն, որը մեզ բերում է այն հարցադրումներին, որ տարիներ շարունակ ինչ գնով ենք մենք այդ դասագրքերը ձեռք բերել, և ինչ միլիոններ են արժեցել դրանք պետության վրա, երբ որ այդ ամենը կարող էինք ունենալ բոլորովին ուրիշ պայմաններով և ընթացակարգերով»։
Երևի տիկին նախարարի պատկերացրած ուրիշ ընթացակարգն էլ ինչ-որ մեկի մենագրությունն էր՝ բազմաթիվ թերություններով ու խայտառակ մոտեցումներով։ Խոսելով դասագրքերի բովանդակության մասին՝ Ժաննա Անդրեասյանը խորհուրդ է տվել ծանոթանալ դրան:
«Մենք այնպես չէ, որ ունենք հավակնություն հենց միանգամից իդեալական դասագիրք ունենալու, և գտնում ենք, որ դա երկար ճանապարհ է: Տարիներ շարունակ մեր երկրում նոր գրքեր չեն գրվել: Բայց մի բան ակնհայտ է, որ արդեն իսկ առաջին փորձերը տալիս են այն հիմքերը, որ մենք կունենանք որակյալ դասագրքեր, նույնիսկ եթե պետք է գնանք ևս մեկ փուլ լրամշակումների և այդ անհրաժեշտ բարելավումներն անելու ճանապարհով»,- ասել է նախարարը: