Մարդ ու կնիկ՝ մի դասագիրք․ տխրահռչակ դասագրքի պատմությունից
copy image url

Մարդ ու կնիկ՝ մի դասագիրք․ տխրահռչակ դասագրքի պատմությունից

Ներքին 1 տարի առաջ - 20:59 11-10-2023
«Հայոց պատմություն» 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ առարկություններն ու դիտողությունները շարունակվում են։

Պատմաբան Հովհաննես Խորիկյանը, անդրադառնալով «Տիգրան Մեծի կայսրությանը Ք. ա. 80 թվականին» (ժամանակակից սահմաններով) քարտեզին, մեզ հետ զրույցում նշեց՝ այն քաղաքական ենթատեքստ ունի, որն ակնհայտ է Ադրբեջան անվանումից ու քարտեզում ընդգծված վերջինի սահմաններից:

«Ես մի կողմ եմ թողնում քարտեզում Լեռնային Ղարաբաղ (Արցախ) անհասկանալի նշումը ներկայիս Ադրբեջանի կազմում: Հեղինակի համար Արցախը նահանգ է, սոսկ աշխարհագրական տարածք, հակառակ դեպքում առանց փակագծերի կնշեր միայն Արցախի Հանրապետություն: Եթե հեղինակն ու ԿԳՄՍՆ-ն փակել են Արցախի էջը, ապա ինձ ու իմ երեխաների համար Արցախը կա ու կլինի: Այն, որ քարտեզը քաղաքական ենթատեքստ ունի, ակնհայտ է Ադրբեջան անվանումից ու վերջինիս քարտեզում ընդգծված սահմաններից: Պատմական քարտեզները ժամանակակից պետությունների սահմաններով ներկայացնելը հիմնականում արևմտաեվրոպական պատմական քարտեզագրության «ձեռքբերումներից» է, ինչը հիմքում ունի զուտ քաղաքական նպատակ:

Քարտեզում պատմական Վիրքը ներկայիս Վրաստանն է՝ սխալ նշված սահմաններով, բայց ամենազարմանալին այն է, որ Կուր գետից հյուսիս ընկած պատմական Աղվանքը (հունահռոմեական աղբյուրների Կովկասյան Ալբանիան) քարտեզում չկա: Տիգրան Մեծի ժամանակ Աղվանքն առանձին թագավորություն էր ու ավելի ուժեղ, քան Վիրքը: Պատմական Աղվանքի տարածքը ներկայումս հիմնականում գտնվում է Ադրբեջանի կազմում, սակայն դասագրքի հեղինակը կամա-ակամա քարտեզում Ք. ա. 80 թվականին դատարկ տարածություն է ստեղծել՝ լրացնելով այն Ադրբեջանով: Ք. ա. 1-ին դարում Աղվանից թագավորության սահմանը հարավում երբեք չի անցել Կուր գետը:

7-րդ դասարանի աշակերտի ու ցանկացած ոչ իրազեկ ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջան պետությունը, երկիրը հազարամյակների պատմություն ունի: Մյուս կողմից անտիկ Աղվանքի արևելյան սահմանը հասել է մինչև Կասպից ծով, բայց հեղինակն Ադրբեջանի արևելյան սահմանագիծը խիստ կրճատել է»,- ընդգծեց պատմաբանը՝ հավելելով, որ բազմաթիվ դիտողություններ ու առարկություններ ունի նաև դասագրքում տեղ գտած այլ քարտեզների վերաբերյալ՝ «Հայկական լեռնաշխարհի լեռնագրությունը», «Վանի թագավորության սահմանները Ք. ա. 743-700 թթ.», «Հայաստանը Ք. ա. 522-520 թթ. Պայքար աքեմենյան տերության դեմ (Ք. ա. 522-521)» և այլն:

Դասագրքի հեղինակը, դատելով նյութի շարադրանքից, ընտրողաբար է օգտվել մասնագիտական գրականությունից»,- ասաց Հովհաննես Խորիկյանը՝ հարց ուղղելով ԿԳՄՍՆ-ին, թե ինչո՞վ է խանգարում երջանկահիշատակ պատմաբան Բաբկեն Հարությունյանի կազմած Հայաստանի պատմության ատլասի Ա և մյուս մասերը վերցնել, ընդգրկել գրքում, հատկապես որ այդ ատլասն Ադրբեջանում վաղուց են ծանր տանում։

Ի դեպ, դասագրքի հեղինակ, պատմաբան Սմբատ Հովհաննիսյանն ավելի վաղ բացատրել է, որ դասագրքում տպագրված քարտեզով ինքը որևէ մտադրություն չի ունեցել Արցախը ներկայացնելու որպես Ադրբեջանի մաս, իսկ «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)» գրությունը, ըստ նրա, ինքնին սահման է:

«Գծապատկերում իբրև սահման օգտագործել եմ Լեռնային Ղարաբաղ (Արցախ) կիսաշեղ գրությունը, որը հասնում է մինչև Արաքս գետ։ Այդպես ցանկացել եմ նշել, որ Արցախն ավելին է, քան 2020-ի աղետից հետո էր, ավելին է, քան 2020-ից առաջ էր, և ավելին է, քան ԼՂԻՄ-ի ժամանակ, քանի որ Արցախը նաև Գետաշենն է, նաև Արծվաշենն է, նաև Շահումյանն է… Եվ քարտեզի տակ գրված առաջադրանքներով նախատեսվում է այդ ամենի քննարկմամբ վեր հանել նաև Դաշտային Ղարաբաղի խնդիրը։ Մի խոսքով` ոչ մի դեպքում Արցախը Ադրբեջան չէ»,- ասել է նա։

Նկատենք, որ գրքի խմբագիրն էլ Սմբատ Հովհաննիսյանի կինն է՝ Մարիամ Կարապետյանը, ով մասնագիտությամբ բանասեր է, լրագրող։

Իսկ, թե ինչպես է նա դարձել «Հայոց պատմության» դասագրքի խմբագիր, հանելուկ է և ոչ նորմալ, որովհետև ժամանակին նման դասագրքեր խմբագրել են մասնագետները։ Ավելին, դասգրքերի հեղինակները եղել են մի քանիսը և ոչ թե մեկը։

Ստորև ներկայացնում ենք նաև տարբեր ժամանակների «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը։



Ամենից շատ դիտված