Ալիևը պնդում է՝ Արցախի բնակչությունը «ստիպողաբար է տեղափոխվել ՀՀ»
copy image url

Ալիևը պնդում է՝ Արցախի բնակչությունը «ստիպողաբար է տեղափոխվել ՀՀ»

Արտաքին 1 տարի առաջ - 17:55 06-10-2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախի իշխանությունները բնակչության շրջանում «խուճապ են առաջացրել և ստիպել տեղափոխվել Հայաստան»։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Ալիևն ասել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում։

Հաղորդվում է, որ զրուցակիցները խոսել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից։

Ալիևը նշել է, որ ներկայումս Ադրբեջանի բժշկական անձնակազմը ծառայություններ է մատուցում Ստեփանակերտի բնակչությանը, իսկ առօրյա կարիքները հոգալու և սնունդ տրամադրելու համար տեղում ծառայություններ են մատուցում համապատասխան հաստատությունները։

«Երկրի ղեկավարը հայտարարել է, որ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները, ինչպես նաև պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները պահպանվում են ոստիկանության կողմից, իրականացվում է էլեկտրամատակարարում։ Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այս ամենը Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագրի պատրաստակամության և իրականացման ցուցիչ է», - ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրությունում։