Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ․ Արտակ Բեգլարյան
copy image url

Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ․ Արտակ Բեգլարյան

Ներքին 1 տարի առաջ - 22:18 14-09-2023
Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսել է շահարկել ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան մարդկանց տեղափոխությունը՝ վերջին խումբը ներկայացնելով իբր որպես Հայաստանի զինծառայողների տարհանում Արցախից:

Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Այդ առումով մի քանի շեշտադրում՝

Վաղուց Հայաստանի ոչ մի զինծառայող Արցախում չի գտնվում, որի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է Արցախի ու Հայաստանի իշխանությունների կողմից:

Հունիսի 15-ից մինչև օգոստոսի 21-ը Ադրբեջանի կողմից լրիվությամբ արգելված էր մարդկանց, մեքենաների ու բեռների տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ բացառությամբ Կարմիր խաչի կողմից իրականացվող բուժառուների խիստ սահմանափակ քանակի տեղափոխություններից:

Օգոստոսի 21-ից 28-ը ռուս խաղաղապահների կողմից Արցախից Հայաստան են տեղափոխվել մի քանի հարյուր ուսանողներ և ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ: Սակայն ամսի 28-ին ադրբեջանական ապօրինի անցակետից արցախցի երեք ուսանողների ահաբեկչական առևանգումից հետո տեղափոխությունները դադարել էին:

Վերջին օրերին վերականգնված տեղափոխության արդյունքում Հայաստան են տեղափոխվել, իմ տեղեկություններով, հերթում սպասող ուսանողներ, ՌԴ քաղաքացիներ և Արցախի շինարարության, հանքարդյունաբերության ու այլ ոլորտներում ժամանակին աշխատող և գործազուրկ դարձած ՀՀ քաղաքացիներ: Հավանաբար հենց այս վերջին խմբին էլ ադրբեջանցիները փորձում են ներկայացնել իբր որպես զինծառայողներ:

Կարևոր է ընդգծել, որ և՛ օգոստոսյան, և՛ վերջին տեղափոխություններն իրականացվել են միակողմանիորեն, քանի որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս խաղաղապահներին Հայաստանից Արցախ վերադարձնել հերթում սպասող բազմաթիվ արցախցիների: Ահա սա ադրբեջանական էթնիկ զտման ու հարկադիր տեղահանման քաղաքականության վառ օրինակներից է, երբ Արցախի բնակիչները փաստորեն կարող են լքել հայրենիքը, բայց չեն կարող վերադառնալ այնտեղ՝ իրենց ընտանիքների մոտ:

Հուսամ՝ Արցախի լիազոր պետական մարմինները հանդես կգան լրացուցիչ պարզաբանումներով այս հարցի շուրջ», - գրում է Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված