«Ռուսաստանը առնվազն երկու անգամ ամենաբարձր մակարդակներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում է»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը որևէ կերպ չի չեղարկել և չէր կարող չեղարկել 1991 թ․ Ալմաթիի հռչակագիրը, որովհետև Ալմաթիի հռչակագիրը ըստ էության և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի, և ՛ Ադրբեջանի, և՛ ԱՊՀ մյուս երկրների անկախության հռչակագիրն է՝ արդեն դե յուրե փոխադարձաբար ճանաչելու իմաստով։ Լաչինի միջանցքը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված ինստիտուտ է, և այնտեղ սահմանված են կողմների իրավունքները և պարտականությունները։ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը շարունակում է մնալ ուժի մեջ, և նրա ուժի մեջ մնալը կապ չունի ո՛չ 1991 թ․ Ալամթիի հռչակագրի, ո՛չ էլ 2022 թ․ հոկտեբերի 6-ի պայմանավորվածության հետ, որը հղում է անում Ալմաթիի հռչակագրիին»,- ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նկատեց, որ Արևմուտքը կամ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվելու մենաշնորհ չի ունեցել, միշտ էլ Հայաստանը այդ հարթակներում քննարկումներ է արել։
«2022 թ․ փետրվարից ԵԱՀԿ Մինսկի համանախագահությունում ճգնաժամ առաջացավ մի պարզ պատճառով, երբ որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության նախկին գործընկերները ասացին, որ մենք չենք ցանկանում իրար հետ շփվել ոչ թե Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Ադրբեջանի պատճառով, այլ Ուկրաինայի պատճառով։ Այսինքն՝ մենք գործնականում ոչ մի նոր բան չենք արել, որովեհտև Լեռնային Ղարաբաղի, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցերը մենք քննարկել ենք և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում, այլ բան, որ էն ժամանակ Ռուսաստանն ու Արևմուտքն իրար հետ շփվում էին, իսկ հիմա չեն շփվում։ Բնականաբար նարանք նաև ինչ-որ տեղ մտածում են, որ մենք մյուս կողմի հետ պիտի ավելի քիչ շփվենք, բայց դա սխալ մոտեցում է Հայաստանի շահերի տեսակետից։ Մենք չենք կարող մտնել այդ գոտի և ասել՝ ձեզ հետ խոսում ենք, ձեզ հետ չենք խոսում»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սրանում է ամբողջ բարդությունը։